«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան 2020-02-18T11:10:26+00:00

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում, Երևան-Էջմիածին մայրուղու ձախ կողմում` Երևանից 15 կմ դեպի արևմուտք և զբաղեցնում է 14,1 հա տարածք: Այն 2003 թ. հունիսից գործում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում` որպես մասնաճյուղ:

Համալիրը բաղկացած է տաճարից և աշխարհիկ կառույցներից (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր): Տաճարական համալիրի հարավարևելյան մասում պահպանվել են նաև V դ. միանավ եկեղեցու մնացորդներ (սեղանի բեմը, մկրտարանը և այլն):

Զվարթնոց տաճարը կառուցվել է 643-652թթ. ընթացքում Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից: Զվարթնոց տաճարի կառուցման մասին հայ պատմիչները տեղեկություններ են հաղորդում սկսած 7-րդ դարից: Առաջին տեղեկությունները հաղորդում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը և պատմիչներից միակն է, որ տաճարն անվանում է Զվարթնոց, մյուս բոլոր պատմիչները հիշատակում են Սբ. Գրիգոր տաճար անվամբ: Ըստ Սեբեոսի  եկեղեցին կառուցվել է հանուն երկնային Զվարթունների` երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին Սուրբ Գրիգորին: 13-րդ դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցին, պատմիչ Վարդան Բարձրաբերդցին և նույն թվականի  պատմիչ Մխիթար Այրիվանեցին համոզմունք են հայտնում, որ  Սբ. Գրիգորը (Զվարթնոցը),  ավերվեց տաջիկների (արաբների) կողմից: Սակայն որոշ ուսումնասիրողների կարծիքով տաճարի կործանման պատճառը եղել է երկրաշարժը: Կործանումից հետո տաճարը դարերի ընթացքում ծածկվել է հողով և վերածվել բլուրի` միայն 20-րդ դարի սկզբին մաքրվելով հողի դարավոր շերտերից:

Զվարթնոցի տարածքում, դեռևս մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներից եղել է բարձր զարգացած տնտեսություն և մշակույթ: Այս տարածքը մ.թ.ա. 7-րդ դարում դարձել է Վանի թագավորության (Ուրարտու) տնտեսական և ռազմավարական կարևոր կենտրոններից մեկը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է Արարատյան թագավորության Ռուսա 2-րդ արքայի թողած 47 տող պարունակող սեպագիր արձանագրությունը, որտեղ նշվում է նրա կատարած տնտեսական, շինարարական աշխատանքների, Իլդարունի (Հրազդան) գետից ջրանցք անցկացնելու և անջրդի հողերը մշակովի դարձնելու մասին:

Տարբեր տարիներին հուշարձանի տարածքում և նրա մերձակայքում կատարված պեղումներից հայտնաբերվել են միջին (Ք.ա. XXII-XV դդ.) և ուշ (Ք.ա. XV-XII դդ.) բրոնզի շրջափուլերի դամբարանային նյութեր, անտիկ դարաշրջանի (Ք.ա. VI-III դդ.) նյութական մշակույթի մնացորդներ, միջնադարյան  (IV-XIV դդ.) խեցեղեն, խճանկարի մնացորդներ, հունարեն և հայերեն արձանագրություններ, կենցաղային ու ծիսական սպասք, պերճանքի առարկաներ և այլն:

Զվարթնոց տաճարում վերականգնման աշխատանքներ են կատարվել 1945, 1958, 1962, 1966-1967 թթ: 1980-90-ական թթ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով վերականգնվել են խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, տաճարի առաջին աստիճանի պատերի ստորին մասը: 2000-2003 թթ. ճարտարապետ Մ.Դանիելյանի նախագծով վերականգնվել է հարավային կամարաշարը և արևմտյան շքամուտքը:

1937 թ. տաճարի հարավային կողմում` ավերակների հարևանությամբ, hիմնադրվել է թանգարան, որը մինչև XX դ. 90-ական թթ. սկիզբն ունեցել է մեկ սրահի մեջ ամփոփված փոքր ցուցադրություն: 2012 թ. թանգարանում իրականացվել է նոր ցուցադրություն: Չորս ցուցասրահներում կազմակերպված մշտական ցուցադրությունը զբաղեցնում է մոտ 230 մ² տարածք, բաղկացած է հնագիտական, պատմական և ճարտարապետական բաժիններից:

Բացօթյա ցուցադրությունում ցուցադրվում են Զվարթնոց տաճարի ավերակների ամրակայած և մասնակի վերականգնած պատերի մնացորդներ, սյուների խարիսխներ, բներ, զամբյուղախոյակ և արծվախոյակ սյունաշարեր, կամարներ, բարավորների քիվեր, թաղակապ ծածկերի կրաշաղախե խոշոր զանգվածքներ, մկրտության ավազան, ջրհոր, տաճարից պահպանված զարդաքանդակներ, տաճարի հարավ-արևմտյան մասում գտնվող կաթողիկոսական պալատը, վանականների խցերը, բաղնիքը, 4-5րդ դարի բազիլիկ եկեղեցու մնացորդները և գինու հնձանը, ինչպես նաև պեղումների ընթացքում համալիրի տարածքից հայտնաբերված մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներով թվագրվող կլոր սալաքարը (չորս տարբեր փոսիկներով և առվակով), նախաքրիստոնեական շրջանի պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը, ինչպես նաև ուրարտական Ռուսա 2-րդ արքայի (Ք. ա. 685-645թթ.) սեպագիր արձանագրությունը:

2000 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Տաճարային համալիրում ստեղծված են համապատասխան պայմաններ հաշմանդամների և կույրերի սպասարկման համար: VivaCell MTS-ի աջակցությամբ տաճարի տարածքում տեղադրվել են տեղեկատվական վահանակներ (հինգ լեզուներով) և կույրերի համար նախատեսված բրայլյան համակարգով կազմված վահանակ: 2012 թ. հուշարձանի տարածքում տեղադրվել են գիշերային լուսավորության և հնչողության համակարգեր: