Հունիսի 13-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով եզակի մշակութային միջոցառում՝ ցուցադրություն և համերգ։
Միջոցառումը կազմակերպվել էր՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայութուն» ՊՈԱԿ-ի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցության շրջանակներում։
«Զվարթնոց» արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը վերանորոգվել, թանգարանային լուսավորության նոր համակարգով վերազինվել է հատուկ՝ «ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ» խորագրով ցուցահանդեսի համար։
Երեք ամիս ընթացող մաքրման, վերականգնման, կոնսերվացման աշխատանքներից հետո, այցելուներին ներկայացվեց 1981թ Գնդեվանքի տարածքից հայտնաբերված եկեղեցական և աշխարհիկ 41 միավոր թանգարանային առարկա՝ բրոնզե մոմակալներ, աշտանակներ, կանթեղներ, ջահ, ծնծղաներ, քշոցներ, ինչպես նաև պղնձե թասեր, ջրամաններ, հավանգ, բրոնզե ասպանդակներ, նաև ճենապակե 4 թաս և 1 ափսե, որոնք թվագրվում են չինական Մին հարստության ժամանակաշրջանով։
Ցուցադրությանը հաջորդեց համերգային մասը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ, նվագախմբի դիրիժորը՝ Լյուք Բաղդասարյանն էր։
Միջոցառմանը ներկա էին պետական այրեր, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։
Ցուցադրությունը գործելու է երեք ամիս։