ԶՎԱՐԹՆՈՑԻ ՆՎԻՐՅԱԼԸ

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՆՎԻՐՅԱԼԸ

«Երբեք չեմ մտածել, որ Զվարթնոցն ինձ համար միայն աշխատավայր է, դա իմ կյանքն է: Ուզում եմ ձեզ մի բան խոստովանել, որ ինքս ինձ ամեն օր խոստովանում եմ. իմ ապրած լավագույն պահերը, իմ կյանքի լավագույն տարիները այստեղ եմ անցկացրել: Եթե մի օր այլևս այստեղ չլինեմ, ինձ համար ամեն ինչ կավարտվի»,- արդեն 32 տարի այս համոզմամբ է ապրում ու աշխատում «Զվարթնոց պատմամշակութային-արգելոց թանգարանի» հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը:

Էջմիածնի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լարիսա Հարությունյանն ընդունվել է Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ագլերենի բաժինը: Ավարտելուց անմիջապես հետո, որպես անգլերենի ուսուցչուհի, սկսել է աշխատել Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում՝ ավելի քան 21 տարի: Ասում է, որ մոտակայքում էր ապրում և Զվարթնոց հաճախ էր գալիս, բայց երբեք չէր մտածել, որ այն մի օր իր «տունը կդառնա»: Սկզբում`«Զվարթնոց» հուշարձան-թանգարանում որոշ ժամանակ փոխարինել է աշխատակիցներից մեկին, ապա ընդունվել է որպես հիմնական աշխատող:

Նրանք, ովքեր երևբէ լսել են Լարիսա Հարությունի վարած էքսկուրսիաները, կվկայեն, որ նա Զվարթնոցի մասին խոսելիս պարզապես թվեր ու պատմական տվյալներ չի ներկայացնում: Նյութին մոտենում է յուրօրինակ`խոսքի մեջ դնելով հոգի ու առանձնակի հպարտություն: Լ. Հարությունյանի խոսքերով ասած նրա էքսկուրսիայի նպատակն այն է, որ ավարտին ինչ որ անմոռաց բան մնա այցելուների հիշողության մեջ: Հաճախ է նկատում, թե էքսկուրսիայի ընթացքում ինչպես են այցելուները կենտրոնացնում ուշադրությունը` իրենք ևս ամջողջովին մտնելով էքսկուրսավարի ոգևորված աշխարհը: «Ես ապրում եմ դրանով,-ասում է արգոլեց-թանգարանի «հնաբնակը»:

«Ես ուզում եմ, որ երբ այցելուն հեռանա թանգարանից, անպայման վերադառնալու ցանկություն ունենա: Ամեն անգամ էքսկուրսիան սկսելիս ես փշաքաղվում եմ, շատ պարտավորված եմ զգում: Գուցե պատճառն այն է, որ ես զգում եմ ամեն մի բեկորի շունչը և փորձում եմ դա փոխանցել այցելուին, ինչն ինձ համար շատ կարևոր է, չէ որ այդ բեկորներում ամփոփված է մեր ժողովրդի պատմությունը, այդ բեկորներն են, որ ինձ օգնել են ոչ միայն ավելի լավ ճանաչել մեր պատմությունն, այլև արժևորել հայ մշակույթի հարստությունը»:

Լարիսա Հարությունյանը հաճախ իր էքսկուրսիոն տեքստերում ներառում է, ոչ միայն գիտական նյութ, այլև դիմում է մեր մեծերին՝ հիշեցնելով, թե այս կամ այն առիթով ինչ են ասել նրանք Զվարթնոցի մասին կամ ինչպես են մեր ժառանգությունը գնահատել օտարները:

«Հաճախ հետևյալ տողերն եմ հիշում. Զվարթնոցն այն վայրն է, որտեղ պետք է ծունկի գալ և այստեղ պետք է շշուկով խոսել…ես ամեն անգամ այդ զգացողությունն եմ ունենում: Հաճախ` երբ մենակ եմ լինում, շրջում եմ Զվարթնոցի ավերակներում և ինքս ինձ խոստովանում, որ այստեղ պիտի ծունկի գամ… սա մի զգացողություն է, որ դժվար է բառերով փոխանցել»:

Զրույցի ընթացքում նա հաճախ, կարծես, վերանում էր իրականությունից ու զրույցը վերածվում էր ինքնախոստովանության… «Եղել է այնպես, որ բոլորից թաքուն խաղաղության համար աղոթել եմ Զվարթնոցի ավերակների կամ ավելի ճիշտ՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու մի անկյունում: Աղոթում եմ, որ հուշարձանը թեկուզ այսպես, բայց մնա, այն պարզապես խարխլված գեղեցկություն չէ, ինչպես ասում են շատերը, Զվարթնոցը պայծառ լույս է …աշխատանքի ընթացքում արածս գործն ընդամենը էքսկուրսիա վարելը չէ, պարզապես զրույց չէ, սա իմ ապրելակերպն է»:

Լարիսա Հարությունյանի եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ էքսկուրսիաների տեքստերը տարբեր են՝ այցելուների տարիքից կախված: Անհատական մոտեցում է ցուցաբերում հատկապես օտարերկրացիների համար էքսկուրսիա վարելիս. «մտքով թռչում եմ պատմության խորքերը և ընտրում ամենակարևոր դրվագները»,-ասում է նա:

Նրա համար ամենատպավորիչներից մեկը եղել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի համար վարած էքսկուրսիան. «Մտածում էի ինչպես անցկացնեմ էքսկուրսիան, որ արաքայզնը տպավորվի: Երբ շրջում էինք ավերկներում, ես հիշեցի Ռաֆայել Իսրայելյանի խոսքերը՝ այն, որ Զվարթնոցը դարձել էր Արարատի երրորդ գագաթը՝ մոտ երեք դար զարդարելով Արարատյան դաշտավայրը: Ես շարունակեցի՝ ասելով, որ մենք`հանձինս Զվարթնոց տաճարի ականատես ենք բնության և ճարտարապետության ներդաշնակությանը, ինչը հատուկ է դասական ճարտարապետությանը: Արքայազնի հիացած հայացքը երբեք չեմ մոռանա»:

Երեք տասնյակից ավել տարներ Զվարթնոցի այցելուները՝ տարբեր երկրների ղեկավարներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, հայ և օտարազգի այցելուներ Զվարթնոցի տաճարին ու թանգարանին ծանոթանում են հենց Լարիսա Հարությունյանի հարուստ ու ոգևորող մեկնաբանությունների միջոցով: Նա խոստովանում է, որ երբեք չի մոռանա առաջին էքսկուրսիան. « ամբողջ ընթացքում սիրտս արագ բաբախում էր»: Հուզվել է, երբ էքսկուրսիայից հետո նրան առաջին անգամ հիացած ծափահարել են. «օտարերկրացիներ էին, հավանաբար, վերջին խոսքերն էին տպավորել. Զվարթնոցը ավերված վիճակում էլ մնում է որպես հրաշալիք , ամեն մի բեկորը մի երգ է՝ մեր ժողովրդի տաղանդի մասին և ներդաշնակ այս հրաշալի բնությանը: Կուզենայի որ ինչ որ բան մնար ձեր մեջ….ինձ համար շատ հուզիչ են եղել այդ պահերը»:

Զվարթնոցը լցնում է նրա առօրյան ու կյանքն՝ անգամ աշխատանքից դուրս: Հաճախ տուն է գնում տաճարի վերաբերյալ հսկայական նյութով ու շարունակում աշխատել տանը, որտեղ մի մեծ պահարան է հատկացված Զվարթնոց տաճարին վերաբերող տարբեր գիտական նյութերին ու լուսանկարներին: Ամիսներ առաջ է սկսում պատրաստվել նախապես պլանավորված միջոցառմանը: «Իսկական էքսկուրսավար լինելու համար նախ պետք է ամբողջովին զգալ այն հուշարձանը, որը պիտի ներկայացնես, չէ որ ամեն մի քարը դարերի խոսուն վկա է»,-ասում է Լարիսա Հարությունյանը:

Լ. Հարությունյանն այն երջանիկներից է, ով ականատես է եղել Զվարթնոց տաճարի վերականգնմանը: Զրույցը մոտենում էր ավարտին, երբ մեր քայլերը հասան տաճարի արծվաքանդակ խոյակներից մեկին և նրա աչքերը հուզմունքից փայլեցին. «Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ Զվարթնոցի արծվաքանդակ խոյակներից մեկը տեղափոխվում էր Ֆրանսիա՝ Լուվրի թանգարանում ցուցադրվելու: Ճանապարհում էինք, երբ հասել էին դարպասներին, խնդրեցի, որ կանգնեն, մոտեցա ու ձեռքով հրաժեշտ տվեցի, կարծես կենդանի մի արարած խոսում էր ինձ հետ, ասացի՝ բարով գնաս ու բարով գաս… Զվարթնոցի վեհաշուք տեսքը պահեք ձեր աչքերում…»,- մեր զրույցն այսպես ավարտեց Զվարթնոցի նվիրյալը: