ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

2021-11-17T14:16:24+00:00 18/03/2016|Երեվան, Լրահոս|

ՊՄՊ Երևանի մարզային ծառայության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան 59-րդ հիմնական դպրոցի V-IX դասարաններում անցկացվել է «Իմ սիրելի հուշարձանը» թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթ: Նպատակը՝ պատմամշակութային հուշարձանների մասին դպրոցականների գիտելիքներին, վերաբերմունքին, մտահոգություններին ծանոթնանալն է:

Մարտի 1-ին հայտարարված ստեղծագործական շարադրությունների արդյունքն ամփոփվել է և 13 մասնակիցներից հաղթող է ճանաչվել VII դասարանի երեք աշակերտ: Նրանք անդրադարձել են «Առնո Բաբաջանյան» արձանին և «Սասունցի Դավիթ» հուշարձանին /պետ ցուցիչ` 1.5.16/ :

Մրցույթի լավագույն շարադրությունը ճանաչվել է Առնո Ավագյանի՝ Առնո Բաբաջանյանի արձանին նվիրված աշխատանքը: Շարադրության հեղինակ Առնոն ծնվել է 2003 թ-ին: Այդ տարի նշվում էր Առնո Բաբաջանյանի ծննդյան 80 ամյակը և ծնողները կոմպոզիտորի պատվին էլ տղային կոչել են Առնո: «Ինձ միշտ գրավել է Առնո Բաբաջանյանի և´ երաժշտությունը, և´ քանդակը: Մայրս դաշնակահարուհի է և մանկուց մեր տանը լսել եմ Ա. Բաբաջանյանի երաժշտությունը: Երևանի հուշարձանները մայրաքաղաքի դեմքն են, որքան գեղեցիկ են հուշարձանները, այնքան պայծառ է մեր քաղաքը: Ա. Բաբաջանյանի քանդակն ինձ իր արտասովոր կերպարով է գրավել՝ քանդակագործը պատկերել է Առնոյին ստեղծագործելիս»,- ասել է պատանին:

Երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Վարդանյանն անդրադարձել է հայկական դյուցազնավեպի հերոս Սասունցի Դավթի հուշարձանին: «Ես ամեն անգամ «Սասունցի Դավիթ» հուշարձանին նայելիս հպարտության զգացում եմ ունենում, այն կարծես հզորություն է փոխանցում՝ իր հարձակման պատրաստ հաղթական թռիչքով: Այն արտահայտում է հայ ժողովրդի հաղթական կամքը, նրա հզորությունը, ազատատենչությունը, իսկ ոտքերի տակ համբերության թասը ժողովրդի լցված համբերությունն է խորհրդանշում: Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» հուշարձանը տեղադրվել է 1959 թվականին, կարդացել եմ, որ այդ ժամանակ արձանը շատ է քննդատվել՝ պատճառաբանությունն այն էր, որ այն ուղղված էր Թուրքիայի կողմը և կարող է ազգամիջյան բախման առիթ դառնալ»,- այսպես է պատանին ներկայացրել իր սիրելի հուշարձանը:

Երրորդ տեղը զբաղեցրած Վալերիա Մուրադյանը ևս անդրադարձել է Սասունցի Դավթի հուշարձանին: «Արձանի առջև կանգնելիս, ամբողջ էպոսը դրվագ առ դրվագ անցնում է աչքիս առաջով. Դավիթը՝ թուր կեծակին ձեռքին, Քուռկիկ Ջալալիին նստած գնում է Մսրա Մելիքի հետ կռվի: Կարծում եմ ժամանակը չի կարող փոխել այդ զգացողությունը»,- իր խորհրդածություններն է փոխանցել VII դասարանի աշակերտուհին:

«Իմ սիրելի հուշարձանը» ստեղծագործական շարադրության հաղթողները պարգևատրվել են պատվոգրով և գովասանագրերով: Լավագույնը ճանաչված VII դասարանի աշակերտ Առնո Ավագյանն արժանացել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվոգրին և որպես նվեր ստացել Արգամ Այվազյանի «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» հատորյակի «Ճահուկ-Շահապունք գավառ» գիրքը: Իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Րաֆֆի Վարդանյանն ու Վալերիա Մուրադյանն արժանացել են գովասանագրերի և ստացել Կարեն Մաթևոսյանի «Մոմիկ» գրքից մեկական նվեր: