ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

2018-03-29T16:00:40+00:00 09/06/2017|Վայոց Ձոր|

Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայքնում գտնվող Սպիտակավոր վանական համալիրի /պետ. ցուցիչ` 9. 15. 4/ տարածք խոշոր եղջերավոր կենդանիների մուտքը արձանագրել է ֆեյսբուքյան օգտատեր Հրաչյա Մուրադյանը: Կիսելով քաղաքացի Հ. Մուրադյանի արդարացի վրդովմունքը` տեղեկացնում ենք, որ ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների պատասխանատուները ուշադրության կենտրոնում են պահում հատկապես այն հուշարձանների տարածքները, որոնք պարսպապատված չեն:

Մշակութային ժառանգությունն ազգային հարստություն է, հետևաբար դրա պահպանության համար պատասխանատու է ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն, այլև` Պետական ու ՏԻ մարմինները, ինչը ամրագրված է օրենսդրությամբ և շարքային քաղաքացիները:

Մասնավորապես` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» և «գ» կետերի համաձայն պետական կառավարման տարածքային մարմինները մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, միջոցներ են ձեռնարկում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ:

Վերոհիշյալ օրենքի 11-րդ հոդվածի «բ» և «ը» ենթակետերի համաձայն ՏԻ մարմիններն աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, ինչպես նաև ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը: «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում էլ մասնավորապես նշված է. սանիտարական մաքրման սխեմաների կազմման ընթացքում ներառել նաև սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տարածքները:

Ինչ վերաբերում է համայնքների բնակիչներին, ապա ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները մշտական հանդիպումներ են ունենում և բացատրում, հորդորում մեր հայրենակիցներին որպեսզի խոշոր եղջերավոր անասուններին արոտավայր տանելիս շրջանցեն հուշարձանների տարածքները: Սակայն, փաստ է, որ այդ աշխատանքները երբեմն արդյունք չեն տալիս:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության համոզմամբ խնդիրը հնարավոր է լուծել պարսպապատման միջոցով: Ցավոք, ֆինանսական միջոցների սղության պատճառով Սպիտակավոր վանական համալիրի պահպանական գոտու ներսում մասնակի ցանկապատ տեղադրելու նախագծի կազմումը դեռևս ընթացքի մեջ է: Ավարտական տեսքի բերելուց հետո այն կներկայացվի լիազոր մարմնին:

Նշենք, որ հաշվի առնելով զբոսաշրջային հոսքի ակտիվացումը` ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը հասարակական կարգի ապահովման աջակցության խնդրանքով դիմել է ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Դավթյանին: Իրավապահներն արագ արձագանքել են` առաջարկելով տեղեկություններ տրամադրել Եղեգնաձորի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների և թանգարանների գտնվելու վայրի, հուշարձաններ տանող ճանապարհների և տրանսպորտի հասանելիության մասին: