ԶՎԱՐԹՆՈՑԻ ՊԱՏԿԵՐԱՔԱՆԴԱԿՆԵՐԸ

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՊԱՏԿԵՐԱՔԱՆԴԱԿՆԵՐԸ

2017-06-30T17:22:47+00:00 28/06/2017|Լրահոս|

Զվարթնոց տաճարի արտաքին հարդարանքը հարուստ է զարդարվեստվի բազմաթիվ օրինակներով։ Այստեղ կիրառվել են բուսական, կենդանական, երկրաչափական զարդաձևեր, ինչպես նաև աշխարհիկ և հոգևոր բնույթի հորինվածքներով հարուստ զարդաքանդակներ։

Տաճարի պատուհանների կամարաղեղների միջև ընկած եռանկյունաձև տարածության մեջ կառուցմանն աջակցողների և վարպետների պատկերաքանդակներն են։ Երեսուներկու պատկերաքանդակներից մեզ են հասել ինը, ընդ որում համեմատաբար բարվոք վիճակում է յոթը։ Դրանցից մեկի վրա պահպանվել է «Յոհան» հայատառ մակագրությունը, որը, ենթադրաբար, ճարտարապետի անունն է։

Զվարթնոցի մեծ հետաքրքրություն ներկայացնող պատկերաքանդակներին անդրադարձել է նաև ճարտարապետ Ստեփան Մնացականյանը` «Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները» գրքում՝ դրանք համարելով եզակի երևույթ ճարտարապետության և քանդակագործության մեջ՝ հատկապես V-VII դարերի զարդարվեստում։

Զվարթնոցի պատկերաքանդակներում որպես կանոն մարդիկ ներկայացված են շինարարական գործիքները ձեռքներին։ Հատուկ ուշադրություն է դարձված նրանց հագուստին։ Քանդակներից մեկը, որը համեմատաբար ավելի լավ է պահպանվել, ներկայացնում է վեղարով տղամարդու, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ պատկերվածը հոգևորական է։ Դա հենց այն միակ պատկերաքանդակն է, որի վրա փորագրված է Յոհան անունը։ Այդ փաստը, սակայն, չի նշանակում, թե միայն այդ մեկի վրա է անուն փորագրվել, որովհետև մնացած պատկերաքանդակների եզրերը գրեթե ամբողջովին կոտրտված են և ոչ մի հնարավորություն չկա որոշելու եղել են նման մակագրություններ, թե ոչ։

Պատկերաքանդակների վրա շինարարական գործիքներից պատկերված են սրածայր բահ և երկու տեսակի մուրճեր՝ կեռ և ուղղանկյուն գլուխներով։ Անդրադառնալով պատկերաքանդակների հորինվածքային առանձնահատկություններին, պետք է նշել, որ ամեն մի պատկերաքանդակ ունի որոշակի ինքնուրույնություն և նրանցից ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Պահպանելով ոճական միասնականությունը՝ քանդակագործները կարողացել են յուրահատուկ գծեր հաղորդել և որքան հնարավոր է շեշտել յուրաքանչյուրի անհատականությունը։

Մասնագիտական գրականության մեջ ընդհանրացած է այն կարծիքը, թե այստեղ պատկերված են տաճարի շինարար վարպետները, իսկ վեղար ունեցողի պատկերաքանդակը ներկայացնում է տաճարի ճարտարապետին՝ Յոհանին։

Թորոս Թորամանյանը, խոսելով առաջին հարկաբաժնի զույգ որմնասյուների մասին, գրում է, «Այդ որմնասյուներու յուրաքանչյուր խոյակեն վեր, աղեղներու միացած մասին վրա քանդակված են եկեղեցիների շինության ժամանակակից աշխատավոր, եկեղեցական և աշխարհական անձերու բարձրքանդակ պատկերներ՝ մուրճ, բահ, բրիչ կամ այլ գործիքներ բռնած ձեռքներին»։

Զվարթոցի հոյակերտ ձևերում խտացել, բյուրեղացել են հայկական ճարտարապետության դարավոր ավանդույթները։ Արարատյան դաշտավայրում կառուցված հուշարձանը երևում էր շրջակա տասնյակ գյուղերից։ Այն ողողված էր արևի պայծառ ճառագայթներով, որոնք առանձին հմայք էին տալիս նրա զարդաքանդակներին։

Ազգային ճարտարապետության այս վեհ կոթողը, որը ոչ միայն եկեղեցի է, այլև կարծես հայ եկեղեցու պատվին կանգնեցված հուշարձան, կաշկանդված չլինելով որևէ սահմանափակող հանգամանքով, մարմնավորել է հայկական զարդարվեստի հանճարի բոլոր հնարավորությունները։

Այդպիսին է Զվարթնոցը:

Չնայած պատկերաքանդակների զգալի մասը դեռևս չվերականգնված բեկորների շարքում է, սակայն հոյակերտ տաճարն այսօր էլ շարունակում է տպավորել իր շքեղությամբ։