ԱՐՄԱՎԻՐԻ ՈՒ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

ԱՐՄԱՎԻՐԻ ՈՒ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

Հուշարձանների պահպանության ոլորտում առկա  որոշ խնդիրներ կանխելու ու  հասարակության իրավագիտակցության բարձրացման հարցում շատ կարևոր է համայնքների  ղեկավարների  դերը:

Այս նկատառումով  էլ՝ <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի ղեկավարությունը՝ տնօրեն Արա Թավերդյանը և տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ են ունեցել մարզպետների հետ՝ ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, տվյալ մարզում հուշարձանների թիվը, նրանց պահպանությանն առնչվող խնդիրներն ու տեղում քննարկել  մտահոգող հարցերը:

Հերթականը՝  Արմավիրի մարզպետ  Համբարձում  Մաթևոսյանի և Կոտայքի մարզպետ  Ռոմանոս  Պետրոսյանի հետ էր:

<Հաճախ խնդիրներ են առաջանում հողահատկացումների ընթացքում կամ ապօրինի թաղումներ են իրականացվում հուշարձանի կարգավիճակ ունեցող գերեզմանոցների տարածքներում: Այդօրինակ դեպքերը բացառելու համար  ՊՈԱԿ-ի տնօրինությունը համայնքների ղեկավարներին կտրմադրի օրենսդրական բազա  ընդգրկող տեղեկատվական  նյութ և մարզի հուշարձանների մասին պատմող  ծալաթերթիկներ >- Արմավիրի մարզպետի հետ հանդիպման ընթացքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Մայրաքաղաքի Երևանից  շատ  քիչ հեռավորության վրա գտնվող երկու հրաշալի ու պատմական կարևոր նշանակություն ունեցող հուշարձանները՝  <<Զվարթնոց>>  պատմամշակութային արգելոց-թանգարանի  ու  <<Մեծամոր>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի  կյանքը  պետք  է առավել  ակտիվացնել՝  օտարեկրացի այցելուներին հոսքը ուղղելով վերոնշյալ հուշարձանների տարածքներ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածին ու Սարդարապատի հուշահամալիր  երթուղին կարելի է ընդլայնել՝  ներառելով  <<Մեծամոր>>-ը  ու <<Զվարթնոց>>-ը:  ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով երկու արգելոց-թանգարաններն էլ  իրենց պատմաճարտարապետական նշանակությամբ  բացառիկ  են և զբոսաշրջիկների վրա մեծ տպավորություն կթողնեն:

Խոսելով <<Մեծամոր>> արգելոց-թանգարանի հեռանկարային զարգացման ծրագրի մասին Արա Թարվերդյանն ասել է, որ հետագայում այն կարող է դառնալ գիտակրթական լուրջ կենտրոն: ՊՈԱԿ-ի տնօրենն անդրադարձել է նաև Արմավիր հնավայրին: Նրա համոզմամբ,  եթե  հետագայում հուշարձանը արգելոցի կարգավիճակ ստանա՝ համատեղ ուժերով մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն՝ ապահովելով  հուշարձանի գրավչութունը  այցելուների համար:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս կարևորելով մշակութային ժառանգության պահպանությունը,  նաև՝ մարզում մշակութային կյանքի ակտիվացումը, որպես առաջնային հարց նշել է դեպի <<Մեծամոր>> արգելոց-թանգարան  տանող ճանապարհի վերնորոգումը: Մարզպետի փոխանցմամբ, առաջիկայում աշխատանքները  կսկսվեն և հարցն իր անմիջական հսկողության տակ է:

Կոտայքի մարզպետ  Ռոմանոս  Պետրոսյանի հետ հանդիպման առանցքում էլ  հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացումն է եղել: ՊՈԱԿ-ի տնօրենը խոսել է զբոսաշրջիկների պակաս չունեցող <<Գառնի>> պատմսմշակութային  արգելոց-թանգարանի ու նույն մարզում գտնվող ու վերջերս արգելոցի կարգավիճակ ստացած <<Բջնի ամրոց>> արգելոցի մասին:  Յուրօրինակ ու շքեղ այս հուշարձանը այցելուների համար գրավիչ դարձնելու նկատառումով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով առաջիկայում մի շարք  ծրագրեր  կյանքի կկոչվեն, բայց  ամենակարևորը՝  կրկին  ճանապարհի  նորոգման  խնդիրն է:

Արա Թարվերդյանի  խոսքով <<Բջնի ամրոց>> արգելոցը տարածքում ի թիվս այլ  նախաձեռնությունների հետագայում նաև  պեղումներ կիրականացվեն:  Հնագիտական արշավախմբի աշխատանքներին  <<մասնակից>> լինելը ու այդ աշխատանքներին տեղում հետևելը   իսկապես կհետաքրքրի այցելուներին: Արա Թարվերդյանի համոզմամբ զբոսաշրջիկների հոսքը հուշարձանի տարածք նաև աշխուժություն կմտցնի  գյուղի կյանքում:

Մարզպետ  Ռոմանոս Պետրոսյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել  հետագա գործակցության  համար,  խոսել՝ համայնքային տուրիզմի զարգացնելու  ծրագրերի մասին: