Սեպտեմբերի 29-ին «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում անցկացվել է «Բագրատունյաց ժառանգությունը» խորագիրը կրող փառատոն, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ Իմ քայլը դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ պատգամավորներ, տեղացի ու օտարերկրացի այցելուներ։
Միջոցառման նպատակը հուշարձանի հանրահռչակումն ու Բագրատունյաց ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելն էր։ Նախաձեռնությունը՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ինն էր, մտահղացումը՝ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանինը։
Միջոցառումն ամբողջությամբ բեմականացված էր՝ ներկայացվել էին տվյալ ժամանակաշրջանին բնորոշ ու հետաքրքիր դրվագներ։ Այցելուները մի քանի ժամով տեղափոխվել են միջնադարյան Հայաստան՝ հաղորդակցվել հայոց արքաների, արքունի սովորույթների, նիստ ու կացի, մշակույթի ու կենցաղի հետ։
Բերդի պարիսպներից քիչ հեռու հյուրերին դիմավորել է Բագրատունյաց թագավորության Կյուրիկե արքան և ուղեկցել ամրոցի տարածք։ Միջնադարյան Լոռի բերդի պարիսպները հսկող արքայական պահակախումբը դարպասները բացել է հյուրերի առաջ, որտեղ նրանց էին սպասում տարբեր ժամանակաշրջանների հայոց արքաները։
Արքայական շքախմբին ու միջոցառման մասնակիցներին՝ ու մյուս հյուրերին թատերականացված պատմական դրվագներով ներկայացվել են միջնադարյան Լոռե բերդի ավադույթները, կենցաղը։ Բագրատունյաց արքան հյուրերին ներկայացրել է բերդաքաղաքի պատմությունը՝ փոքրիկ էքսկուրսիա կազմակերպել հուշարձանի տարածքում։
Միջոցառման մասնակիցներին Լոռի բերդ քաղաքատեղիից հայտնաբերված հնագիտական առարկաների և իրականացված պեղումների մասին է պատմել «Պատմամշակութային ժառանգության ու գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Հակոբ Սիմոնյանը։ Քաղաքատեղիի մասին ֆիլմ է ցուցադրվել։ Ապա ներկաները շրջել են ամրոցի հարևանությամբ տեղադրված տաղավարներով, որտեղ ներկայացված են եղել միջնադարյան Հայաստանում զարգացած արհեստագործությունը, գյուղատնտեսությունը, մանրանկարչությունը, զարդերի պատրաստումը, փայտագործությունը, կարպետագործությունը, կիրառական արվեստի աչքի ընկնող ճյուղերից մեկը՝ կավագործությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը և զինագործությունը։
Միջոցառմանը մասնակցող անհատ վարպետներն ու կազմակերպությունները փորձել են իրենց աշխատանքները հնարավորինս մոտ ներկայացնել միջնադարին։ Առանձին տաղավարով ներկայացվել է նաև միջնադարյան հայկական խոհանոցը։
Միջոցառման առիթով «Լոռե բերդ» քաղաքատեղի գրքույկ է հրատարակվել, ու բագրատունյաց ժամանակաշրջանի հատած դրամների տեսքով հուշանվերներ պատրաստվել։
Հուշարձանից քիչ հեռու նաև ժողովրդական երաժշտական նվագարաններով ուղեկցվող մարտեր են ցուցադրվել։
Տոնական միջոցառումը եզրափակվել է «Որդան Կարմիր» ռոք խմբի ու «Վիշապ» անսամբլի կատարումներով։
Լուսանկարները՝ Ռուբինա Մովսեսյանի