Հովսեփ Օրբելուն կարելի է դասել առավել հանճարեղ այն գիտնականների շարքին, որ տվել է հայ ժողովուրդը աշխարհին:
Ակադեմիկոս` Եվգենի Տառլե
Արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ և գիտության կազմակերպիչ, ժամանակակից հայ վիմագրության հիմնադիր Հովսեփ Օրբելին ծնվել է 1887թ. մարտի 20-ին, Քութայիսիում։ Ոսկե մեդալով ավարտել ով Թիֆլիսի երրորդ արական գիմնազիան, Օրբելին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ Նա աշակերտել է ժամանակի անվանի գիտնականների՝ Մ.Ռոստովցև, Ֆ.Զելինսկի, Ս.Ժեբելյև, արևելագետ Յա.Սմիռնով, բյուզանդագետ` Վ.Բենեշևիչ: 1906թ. ամռանը Օրբելին առաջին անգամ մասնակցել է Անիի պեղումներին, որը հետագայում նրա համար դարձել է հնագիտական մեծ դպրոց։ Հետագայում անվանի գիտնականը պեղումներ է կատարել նաև՝ Վանում, Ախթամարում, Գառնիում, Ամբերդում, Պտղնիում, Աշտարակում։ Հ․ Օրբելին ուսումնասիրել է Արցախի հայկական արձանագրությունները, Մոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Վանի, Ախթամարի, Բագավանի, Բայազետի ճարտարապետական հուշարձանները։ Նրա գրչին է պատկանում «XII դարի բաղնիքը և ծաղրածուն» Ամբերդի մասին աշխատությունը: 1926թ. հիմնադրել և գլխավորել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի Արևելքի բաժինը, ապա 1934թ. մինչև 1951թ, եղել է Էրմիտաժի տնօրենը։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Օրբելին ղեկավարել է Էրմիտաժի գանձերի տարհանումը։ Անվանի գիտնականը Հայկական ԽՍՀ ԳԱԱ առաջին նախագահն է եղել ։