ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ

ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ

2013-08-29T11:13:18+00:00 04/06/2013|Սյունիքի Հուշարձաններ|

ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ

Սյունիքի մարզ
գ. Բարձրավան
պետ. ցուցիչ` 8.21.8

Գտնվում է Սյունիքի մարզի Բարձրավան (Երիցաթումբ) գյուղից 3-4 կմ արևելք, Որոտան գետի բարձրադիր աջ ափին, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա: Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Պատահաբար հայտնաբերել է գրող Ակսել Բակունցը 1932 թ.: Ըստ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.)` վանքի հիմնական կառուցապատումը կատարվել է երկու անգամ. առաջինը` 936 թ. Սիսական տոհմի քահանա Ստեփանոսի կողմից, Հրահատ իշխանի օժանդակությամբ: Երկրորդը սկսվել է առաջինից ոչ շատ ուշ և, ըստ արձանագրության, ավարտվել է 1062 թ., Սյունյաց Գրիգոր արքայի և Սյունյաց եպիսկոպոս Տեր Հովհանի հայրապետությանօրոք: Բղենո Նորավանքը բազմիցս վերակառուցվել է, բայց մեզ է հասել կիսավեր վիճակում: Վանքի մոտ նշմարվում են պարսպի և օժանդակ շենքերի մնացորդներ: Նախնական կառույցը, ըստ ուսումնասիրության, եղել է փոքր ծավալի հուշարձան` ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում դուրս եկող ավանդատներով, երկթեք ծածկով, կողային լայն կամարաշարերով:

Եկեղեցի-համալիրի կենտրոնական կառույցն է, ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, կառուցված բազալտի մեծադիր քարերով: Հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ հայ ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատների երկայնքով հավելված են սրահներ, երկու ուղղանկյուն սենյակներ` ամփոփվա ծընդհանուր երկլանջ կղմինդրածածկի ներքո: Կամարակապ մեծադիր բացվածքները, որոնցից երկուսը զբաղեցնում են հյուսիսային և հարավային ճակատներն ամբողջությամբ, եկեղեցին վերածել են ընդարձակ բաց սյունասրահի, որը, ենթադրում են, նախատեսված էր դրսում գտնվողներին ժամասացությունը տեսանելի և լսելի դարձնելու համար: Կառույցը ձևավորված է բարձրարվեստ որմնաքանդակներով, որոնք սերտորեն կապված են որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի հետ: Առանձնակի շեշտված է արևմտյան ճակատի քանդակազարդ շքամուտքը: Եկեղեցու արտաքին պատերին` սալաքարերի վրա զետեղված են Քրիստոսի կյանքը պատկերող բարձրաքանդակներ: Պահպանված ութ սալաքարերից երկուսն են իրենց տեղում` «Ավետումն» ու «Համբարձումը» , մնացածը վայր են ընկել:

Գավիթ-սյունասրահ–կից է եկեղեցուն արևմտյան կողմից` ընդգրկելով ճակատային ողջ պատը:

Վերանորոգվել է 1959-1961 թթ. ամրացվել են արևելյան պատի հիմքերը, ճակատները պսակող քիվերը, տանիքը, թաղը և այլ հատվածներ: 2011 թ. «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության անդամ Ժիրայր Գասպարյանն իր անձնական միջոցներով իրականացրել է համալիրի տանիքի խոտածածկի հեռացման և սալածածկույթի ջրամեկուսացման աշխատանքներ:

Հիմնական գրականության

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:

Մնացականյան Ս., Հայկական Ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Եր., 1960:

ԲարխուդարյանՍ., Դիվան հայ վիմագրության, հ. 2, Եր., 1960:

Թամանյան Յու., Հուշարձաններին նոր կյանք, Եր., 1988: