Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա:
Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնց համաձայն ապահովվելու է․
- Մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներին
- Ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը
- Մշակույթի հասանելիություն և ներառականություն
- Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր
Մշակութային ժառանգության պահպանություն և փոխանցում սերունդներին
Զարգացման գերակա ուղղություն է սահմանել մշակութային ժառանգության պահպանության և անխաթար փոխանցման ապահովումը, որն իրականացվում է 4 հիմնական ոլորտների շրջանակում՝ հուշարձաններ, թանգարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, գրադարաններ:
Մշակութային ժառանգության գույքագրում և ինստիտուցիոնալացում
Կշարունակվի հայ ժողովրդի մշակութային ժառանգության համապարփակ հետազոտությունը և քարտեզագրումը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ դրանք հաշվառելով ծագումից մինչև մեր օրերը՝ նախատեսելով նույնականացում և դասակարգում՝ ըստ դրանց գտնվելու վայրի և տեսակների:
Մինչև 2027 թ. նախատեսվում է.
- 30 հուշարձանի վերականգնում
- 30 հուշարձանի գիտանախագծային փաստաթղթի մշակում
- Դժվարամատչելի վայրերում տեղակայված 50 հուշարձանի հանրահռչակում
- Հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում
- 4 արգելոց-թանգարանի ստեղծում
- Գորգի թանգարանի ստեղծում
- Թանգարանների շարունակական համալրում մշակութային արժեքներով
- Արհեստագործության թվային պորտալի ստեղծում
- Հայաստանի, սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, անվտանգության, միջազգայնացման ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոնի ստեղծում
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում, պահպանության և փոխանցման ապահովում
Մշակութային ժառանգության թվային հասանելիություն
Գույքագրման և քարտեզագրման միջոցով հայտնաբերված տվյալները և արժեքները կներկայացվեն նոր ու բարելավված թվային ռեսուրսների, այդ թվում՝ համապարփակ թվային հարթակների միջոցով: Այլ ռեսուրսների թվում կլինեն նոր, ընդլայնված և արդիականացված շտեմարանները, որոնցում կզետեղվի թանգարանների հավաքածուների, ոչ նյութական
մշակութային ժառանգության արժեքների, հուշարձանների և գրավոր ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն: Այդ թվում մինչև 2027 թ. նախատեսվում է թանգարանային առարկաների շտեմարանի համալրում՝ 800 000 թանգարանային արժեք, ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի համալրում, hուշարձանների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում` 1500 թվայնացված հուշարձաններ, 18 000 000 գրավոր ժառանգության միավոր:
Մշակութային ժառանգության բովանդակության արդիականացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում և զարգացում
Հայաստանի մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների կարողությունների և կատարողականության զարգացման նպատակով կմշակվեն շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր.
- Վերականգնողի մասնագիտության ներդրում կրթական ծրագրերում
- Մշակութային ժառանգության ոլորտում մասնագիտական գրականության արդիականացում
- Ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստում
Հուշարձաններ
Բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, անխաթար պահպանության, վերականգնման և օգտագործման հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը: Առաջնահերթություն է սահմանվել հնագիտական ժառանգությունը երկրի կայուն զարգացման համատեքստում որպես տնտեսական ռեսուրսի դիտարկումը, ՀՀ տարածքի հնագիտական ժառանգության պահպանությունը, ենթակառուցվածքների զարգացումը և հանրահռչակումը:
Ռազմավարության մյուս առաջնահերթությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ծավալների ավելացումն է ինչպես պետական բյուջեի, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ ներգրավված միջոցների հաշվին:
Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականի նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ. ՀՀ դրամ: 33 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ. ՀՀ դրամի։
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման փուլում են գլխավորապես պաշտամունքային նշանակության ավելի քան 10 հուշարձաններ, մինչև 2027 թվական դրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 20-ով:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ցուցակներում, որպես ռազմավարական առաջնահերթություն, դիտարկվելու է ամրոցների և բերդերի ընդգրկումը՝ որպես պետականության խորհրդանիշներ՝ ապահովելով զբոսաշրջային երթուղիների բնույթի բազմազանությունը։
Գերակայություն 1. Պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող քաղաքացիական, պետականության խորհրդանիշ հանդիսացող ճարտարապետական հուշարձանների (այդ թվում՝ ամրոցների և բերդերի) ամրակայում, նորոգում, վերականգնում և ենթակառուցվածքների ստեղծում: ՀՀ տարածքում առկա է շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդշեններ, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն: Մինչև 2027 թվական նախատեսվում է 30 հուշարձանի վերականգնում և 30-ի գիտանախագծային փաստաթղթերի մշակում, 4 նոր արգելոց-թանգարանի ստեղծում, 5 արգելոցներում տոմսային տնտեսության ներդրում:
Իրականացվող քայլերը՝
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկումը,
-հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը,
-հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի շարունակական կատարելագործումը,
-վերկանանգող-ճարտարապետների պատրաստման և վերապատրաստման դասընթացները,
-վտանգված հուշարձանների վերականգնման ֆինանսավորման ավելացումը,
-հուշարձանների պետական ցուցակների վերանայումը՝ GPS կոորդինատավորումով և այլն։
Թանգարաններ
Ոլորտի պետական քաղաքականության նպատակն է թանգարանային հավաքածուների պահպանությունը և շարունակական հանրայնացումը, թանգարանի՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտի կայացումը, հասարակության բոլոր սոցիալական շերտերի և տարիքային խմբերի, հատկապես՝ երեխաների և պատանիների ոչ ֆորմալ կրթության ապահովումը։
Գերակայություն 2. Թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացում, թանգարանային տարածքների արդիականացում և ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակում:
Իրականացվող քայլերը՝
1.Թանգարանների բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի ստեղծում ու կատարելագործում, օրենսդրական մեխանիզմների և գործիքակազմերի ներդնում,
2.Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդնում,
3.Ցուցադրական և ֆոնդային տարածքների արդիականացում, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնում և նյութատեխնիկական բազայի թարմացում,
4.Թանգարաններում գիտակրթական բաղադրիչի ընդլայնում, այդ թվում հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցադրությունների, կրթական ծրագրերի և միջազգային գիտաժողովների կազմակերպում, հրատարակությունների և մեդիա նախագծերի իրականացում միջմշակութային փոխառնչությունների և միջմշակութային երկխոսության համատեքստում,
- Նոր թանգարանների հայեցակարգերի մշակում,
- Թանգարանների էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդնում:
Ակնկալվող արդյունքները՝
1.Թանգարանային գործի բնագավառում համապատասխան օրենքի առկայություն և ոլորտի իրավահարաբերությունների կարգավորում, թանգարանային գործունեության կանոնակարգում,
2.Թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավորի ստեղծում. Հիմնադրամի ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում՝ դիտարկվում է այն կիրառել թատերահամերգային կազմակերպությունների շրջանակում,
3.Բարելավված շենքային պայմաններ, արդիականացված մշտական ցուցադրություններ, մշակութային ժառանգության ուսումնասիրման, հետազոտման, փորձաքննությունների իրականացման, վերականգնման, ամրակայման պատշաճ և որակյալ կազմակերպման համար համապատասխան լաբորատորիաների ու կենտրոնների ստեղծում,
4.Բացառիկ ճարտարապետական լուծումներով նոր թեմատիկ ցուցադրություներ: Գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցը ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո,
5.ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես առանձին դրույթ հաստատվել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ինքնաշխատ համակարգերի շարունակական զարգացումը: Նախարարության ենթակայության թանգարաններում էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ստեղծումը և ներդնումը հնարավորություն կտա ապահովել ցուցադրությունների թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպում, տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմի ներդնում, թափանցիկության ապահովում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների արդիականացում: