ՀՀ պատմամշակութային հուշարձանների, թանգարանների պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը

ՀՀ պատմամշակութային հուշարձանների, թանգարանների պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը

2023-12-01T10:43:26+00:00 01/12/2023|Երեվան, Լրահոս, Հրապարակումներ|

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա:

Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնց համաձայն ապահովվելու է․

  • Մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներին
  • Ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը
  • Մշակույթի հասանելիություն և ներառականություն
  • Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր

 

Մշակութային ժառանգության պահպանություն և փոխանցում սերունդներին

Զարգացման գերակա ուղղություն է սահմանել մշակութային ժառանգության պահպանության և անխաթար փոխանցման ապահովումը, որն իրականացվում է 4 հիմնական ոլորտների շրջանակում՝ հուշարձաններ, թանգարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, գրադարաններ:

Մշակութային ժառանգության գույքագրում և ինստիտուցիոնալացում

Կշարունակվի հայ ժողովրդի մշակութային ժառանգության համապարփակ հետազոտությունը և քարտեզագրումը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ դրանք հաշվառելով ծագումից մինչև մեր օրերը՝ նախատեսելով նույնականացում և դասակարգում՝ ըստ դրանց գտնվելու վայրի և տեսակների:

 

Մինչև 2027 թ. նախատեսվում է.

  • 30 հուշարձանի վերականգնում
  • 30 հուշարձանի գիտանախագծային փաստաթղթի մշակում
  • Դժվարամատչելի վայրերում տեղակայված 50 հուշարձանի հանրահռչակում
  • Հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում
  • 4 արգելոց-թանգարանի ստեղծում
  • Գորգի թանգարանի ստեղծում
  • Թանգարանների շարունակական համալրում մշակութային արժեքներով
  • Արհեստագործության թվային պորտալի ստեղծում
  • Հայաստանի, սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, անվտանգության, միջազգայնացման ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոնի ստեղծում
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում, պահպանության և փոխանցման ապահովում

 

Մշակութային ժառանգության թվային հասանելիություն

Գույքագրման և քարտեզագրման միջոցով հայտնաբերված տվյալները և արժեքները կներկայացվեն նոր ու բարելավված թվային ռեսուրսների, այդ թվում՝ համապարփակ թվային հարթակների միջոցով: Այլ ռեսուրսների թվում կլինեն նոր, ընդլայնված և արդիականացված շտեմարանները, որոնցում կզետեղվի թանգարանների հավաքածուների, ոչ նյութական

մշակութային ժառանգության արժեքների, հուշարձանների և գրավոր ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն: Այդ թվում մինչև 2027 թ. նախատեսվում է թանգարանային առարկաների շտեմարանի համալրում՝ 800 000 թանգարանային արժեք, ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի համալրում, hուշարձանների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում` 1500 թվայնացված հուշարձաններ, 18 000 000 գրավոր ժառանգության միավոր:

 

Մշակութային ժառանգության բովանդակության արդիականացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում և զարգացում

Հայաստանի մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների կարողությունների և կատարողականության զարգացման նպատակով կմշակվեն շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր.

  • Վերականգնողի մասնագիտության ներդրում կրթական ծրագրերում
  • Մշակութային ժառանգության ոլորտում մասնագիտական գրականության արդիականացում
  • Ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստում

 

Հուշարձաններ

Բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, անխաթար պահպանության, վերականգնման և օգտագործման հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը: Առաջնահերթություն է սահմանվել հնագիտական ժառանգությունը երկրի կայուն զարգացման համատեքստում որպես տնտեսական ռեսուրսի դիտարկումը, ՀՀ տարածքի հնագիտական ժառանգության պահպանությունը, ենթակառուցվածքների զարգացումը և հանրահռչակումը:

Ռազմավարության մյուս առաջնահերթությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ծավալների ավելացումն է ինչպես պետական բյուջեի, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ ներգրավված միջոցների հաշվին:

Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականի նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ. ՀՀ դրամ: 33 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ. ՀՀ դրամի։

 

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման փուլում են գլխավորապես պաշտամունքային նշանակության ավելի քան 10 հուշարձաններ, մինչև 2027 թվական դրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 20-ով:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ցուցակներում, որպես ռազմավարական առաջնահերթություն, դիտարկվելու է ամրոցների և բերդերի ընդգրկումը՝ որպես պետականության խորհրդանիշներ՝ ապահովելով զբոսաշրջային երթուղիների բնույթի բազմազանությունը։

 

Գերակայություն 1. Պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող քաղաքացիական, պետականության խորհրդանիշ հանդիսացող ճարտարապետական հուշարձանների (այդ թվում՝ ամրոցների և բերդերի) ամրակայում, նորոգում, վերականգնում և ենթակառուցվածքների ստեղծում: ՀՀ տարածքում առկա է շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդշեններ, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն: Մինչև 2027 թվական նախատեսվում է 30 հուշարձանի վերականգնում և 30-ի գիտանախագծային փաստաթղթերի մշակում, 4 նոր արգելոց-թանգարանի ստեղծում, 5 արգելոցներում տոմսային տնտեսության ներդրում:

 

Իրականացվող քայլերը՝

-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկումը,

-հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը,

-հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի շարունակական կատարելագործումը,

-վերկանանգող-ճարտարապետների պատրաստման և վերապատրաստման դասընթացները,

-վտանգված հուշարձանների վերականգնման ֆինանսավորման ավելացումը,

-հուշարձանների պետական ցուցակների վերանայումը՝ GPS կոորդինատավորումով և այլն։

 

Թանգարաններ

Ոլորտի պետական քաղաքականության նպատակն է թանգարանային հավաքածուների պահպանությունը և շարունակական հանրայնացումը, թանգարանի՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտի կայացումը, հասարակության բոլոր սոցիալական շերտերի և տարիքային խմբերի, հատկապես՝ երեխաների և պատանիների ոչ ֆորմալ կրթության ապահովումը։

 

Գերակայություն 2. Թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացում, թանգարանային տարածքների արդիականացում և ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակում:

 

Իրականացվող քայլերը՝

1.Թանգարանների բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի ստեղծում ու կատարելագործում, օրենսդրական մեխանիզմների և գործիքակազմերի ներդնում,

2.Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդնում,

3.Ցուցադրական և ֆոնդային տարածքների արդիականացում, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնում և նյութատեխնիկական բազայի թարմացում,

4.Թանգարաններում գիտակրթական բաղադրիչի ընդլայնում, այդ թվում հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցադրությունների, կրթական ծրագրերի և միջազգային գիտաժողովների կազմակերպում, հրատարակությունների և մեդիա նախագծերի իրականացում միջմշակութային փոխառնչությունների և միջմշակութային երկխոսության համատեքստում,

  1. Նոր թանգարանների հայեցակարգերի մշակում,
  2. Թանգարանների էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդնում:

 

Ակնկալվող արդյունքները՝

1.Թանգարանային գործի բնագավառում համապատասխան օրենքի առկայություն և ոլորտի իրավահարաբերությունների կարգավորում, թանգարանային գործունեության կանոնակարգում,

2.Թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավորի ստեղծում. Հիմնադրամի ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում՝ դիտարկվում է այն կիրառել թատերահամերգային կազմակերպությունների շրջանակում,

3.Բարելավված շենքային պայմաններ, արդիականացված մշտական ցուցադրություններ, մշակութային ժառանգության ուսումնասիրման, հետազոտման, փորձաքննությունների իրականացման, վերականգնման, ամրակայման պատշաճ և որակյալ կազմակերպման համար համապատասխան լաբորատորիաների ու կենտրոնների ստեղծում,

4.Բացառիկ ճարտարապետական լուծումներով նոր թեմատիկ ցուցադրություներ: Գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցը ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո,

5.ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես առանձին դրույթ հաստատվել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ինքնաշխատ համակարգերի շարունակական զարգացումը: Նախարարության ենթակայության թանգարաններում էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ստեղծումը և ներդնումը հնարավորություն կտա ապահովել ցուցադրությունների թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպում, տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմի ներդնում, թափանցիկության ապահովում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների արդիականացում: