«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվում են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող հնձանների վերականգնման աշխատանքները։
ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ճարտարապետներ՝ Լևոն Վասիլյանը, Հրանտ Հովսեփյանը աշխատանքային այցով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում էին։
Աշխատանքային այցի ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, անցկացրել մասնագիտական և խորհրդատվական քննարկումներ։
Տաճարական համալիրի հնձանը բացել է Թ. Թորամանյանը 1931 թ., սակայն հիվանդության պատճառով չի կարողացել ավարտել պեղումները: Դրանք 1958 թ. շարունակել է Ս. Տեր-Ավագյանը: Հնձանի պեղումներն ավարտել է «Զվարթնոց» թանգարանի տնօրեն Վ. Հարությունյանը 1980-ական թթ.: Ժամանակին հնձանը սրբատաշ քարերով շարված հաստ պատերով, ուղղանկյունաձև հատակագծով, 19,0 х 32,6 մ2 մակերեսով, փայտածածկ, եռանավ կառույց է եղել՝ բաղկացած 2 մեծ բաժանմունքներից և դրանց միջև առկա երկար միջանցքից: Ունեցել է 5 մեծ հնձանահորեր ու խաղողի ճզմման յոթ հարթակներ: Դրանք ժամանակին սվաղված են եղել կրաշաղախով: Միևնույն ժամանակ հարթակներն ունեցել են որոշակի թեքություն դեպի հնձահորերը: Հարթակների վրա խաղողը տրորվել է և ստացված հյութն առվակների միջով հոսել հորերի մեջ: Վերջիններիս սալարկված և կրասվաղ հատակներին արվել են լրացուցիչ խորացումներ, ուր գինու պատրաստման ընթացքում հավաքվել է քաղցուի նստվածքը: