ՀԱԼԻՁՈՐԻ ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏ (Սյունյաց Մեծ Անապատ)
ՀՀ Սյունիքի մարզ
գ. Հալիձոր
պետ. ցուցիչ` 8. 54. 7
Ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության Հարանց Անապատ համալիրը գտնվում է Հալիձոր գյուղի մոտ, Որոտան գետի աջ ափին: Հիմնադրել են Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը և Կիրակոս քահանա Տրապիզոնցին: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Ենթադրվում է, որ կառուցվել է 1608-1613 թթ.: Անապատը գոյատևել է մինչև 1658 թ. երկրաշարժը, երբ Անապատի բոլոր շինությունները, բացի եկեղեցուց, կործանվել են, իսկ եկեղեցին էլ սողանքի պատճառով սահել-իջել է այժմյան տեղը: Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը լքել է անապատը, տեղափոխվել այլ վայր և հիմնել Տաթևի Մեծ Անապատը: Ավելի ուշ` XVIII դ. սկզբին, Հալիձորի Հարանց Անապատը վերածնվել և կառուցապատվել է Տաթևի վանքի առաջնորդների շնորհիվ: Համալիրի նախնական հորինվածքից ոչինչ չի պահպանվել: XVIII դ. կեսերին կառուցված Անապատը հորինվածքով տարբերվում է նախնական կերպարից:
Ներկայիս համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավիթ-սրահից, սեղանատնից, պարիսպների մնացորդներից:
Եկեղեցի – նախկին համալիրի` երկրաշարժից մնացած միակ շինությունն է: Կառուցվել է XVII դ.: Երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է` խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով: Հյուսիսից եկեղեցուն կից կան երկու սենյակներ: Մեկի մեջ բացվում է եկեղեցու հյուսիսային մուտքը, և դա գավթի դեր է կատարում, իսկ մյուսը կից է հյուսիսային ավանդատանը և ծառայել է որպես մատուռ: Ունի ընդհանուր երկթեք ծածկ: Մուտքերը երեքն են` հյուսիսային, արևմտյան և հարավային: Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի կամարակապ քարի շինարարական արձանագրության` եկեղեցին նորոգել է Սահակ աբեղան: Վերականգնումից հետո պահպանել է իր սկզբնական հորինվածքը:
Գավիթ-սրահ –եկեղեցու արևմտյան կողմում է: Կառուցել է Սահակ աբեղան 1717 թ.:
Սեղանատուն – կառուցվել է երկրաշարժից հետո, XVIII դ.: Հյուսիսից հարավ ձգված ուղղանկյուն շինություն է` սլաքաձև թաղով ծածկված, որը 3 թաղակիր կամարներով բաժանված է 4 անհավասար մասերի: Հարավից նրա համար որպես բնական պատ է ծառայում ուղղաձիգ ժայռը:
Պարիսպ – ըստ պարսպի դարպասի վրայի արձանագրության` պարիսպը կառուցել են Տաթևի վանքի առաջնորդ Կիրակոս վարդապետը, Հայրապետը և Սահակ աբեղան, իսկ դարպասը` մի խումբ նվիրատուներ: Գավիթը, պարիսպը, դարպասը կառուցվել են միաժամանակ, 1717 թ.:
Միաբանության խցեր – կառուցված են եղել պարսպապատերի երկայնքով, դրանց կից: Խցերից ոչինչ չի պահպանվել:
Հարանց անապատի դպրոց – հիմնել է Մովսես Գ Տաթևացին 1614 թ., Հարանց Անապատի հիմնադրումից մեկ տարի անց: Ունեցել է 60 սան, որոնցից Կիրակոս Տրապիզոնցին, Ներսես Մոկացին, Մովսես և Թոմաս Տաթևացիները, Դավիթ Շամքորեցին հետագայում հիմնել են իրենց միաբանությունները, որոնք դարձել են մշակութային և կրթական կենտրոններ: Հարանց անապատի դպրոցը նաև գրչության կենտրոն էր: Այստեղ ընդօրինակել են ձեռագրեր, կազմել դասագրքեր և ժողովածուներ:
Թեև Հարանց Անապատը, որպես կրոնական, կրթական և մշակութային կենտրոն, գոյատևել է 50 տարուց պակաս` մինչև XVIII դ. կեսերը, սակայն մեծ դեր է ունեցել Հայաստանի կրթության, մշակութային զարթոնքի գործում:
Հիմնական գրականություն
Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988:
Հասրաթյան Մ., Սյունիքի XVII – XVIII դդ. ճարտարապետական համալիրները, Երևան, 1973:
Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պր. 2, Երևան, 1960: