ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ (Հալիձորի Ս. Աստվածածնի կուսանաց անապատ)

ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ (Հալիձորի Ս. Աստվածածնի կուսանաց անապատ)

2014-04-15T17:34:16+00:00 15/04/2014|Սյունիքի Հուշարձաններ|

ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ (Հալիձորի Ս. Աստվածածնի կուսանաց անապատ)
Սյունիքի մարզ
ք. Կապան
պետ. ցուցիչ՝ 8.1.8.1

 

Ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ Հալիձորի բերդը առանձնակի տեղ է գրավում՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ: Գտնվում է Ողջի գետի բարձրադիր աջ ափին, ՀԷԿ-ի մոտ: Կառուցվել է XVII դ. առաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ: 1668 թ. ունեցել է 70 միանձնուհի: Արդեն XVIII դ., իր անառիկ դիրքի շնորհիվ, վերածվել է բերդի՝ դառնալով Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը:
Բերդը, տեղանքից կախված, ունի անկանոն քառակուսի հատակագիծ: Շրջապատված է պարիսպներով: Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ մեկ մետր: Ամրոցի հարավարևմտյան անկյունը ուժեղացված է շրջանաձև հատակագիծ ունեցող բուրգով: Ունի երկու մուտք՝ հարավային և հյուսիսային:
Համալիրում թե´ տեղադրությամբ և թե´ չափերով գերիշխողը Ս.Աստվածածին եկեղեցին է: Կառուցվել է XVII դ., վերակառուցվել՝ 1723 թ.: Կառուցված է անմշակ բազալտե խոշոր քարերով: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ դահլիճ է, արևելյան խորանի աջ և ձախ կողմերում՝ զույգ ավանդատներով: Աղոթասրահի վրա բարձրանում է զանգակատունը: Եկեղեցին գավիթ չունի: Հյուսիսից և հարավից եկեղեցուն կից են երկհարկ շինություններ, որոնց առաջին հարկերը գավիթների դեր են կատարում, և եկեղեցու երկու մուտքերը բացվում են դրանց մեջ: Եկեղեցու նախկին երկթեք տանիքը պաշտպանական նկատառումներով, վերածել են հարթ տանիքի, հավասարեցրել երկու կողմերի երկհարկանի շինությունների տանիքներին և դարձրել բարձրադիր հրապարակ՝ ռազմական գործողություններ մղելու համար:
Ս. Աստվածածին եկեղեցուց հյուսիս կանգուն է ուղղանկյուն հատակագծով, չորս մույթերով, գմբեթածածկ մի շինություն, որը հավանաբար դամբարան է եղել: Կառուցվել է XVII դ.: Ըստ ավանդության՝ այստեղ է գտնվում Դավիթ Բեկ զորավարի տապանաքարը: Ամրոցի հյուսիսային կողմում է XVII դ. կառուցված սեղանատունը: Արևմտյան պարսպին կից՝ միաբանության խցերի հետքերն են: Հարավային պարսպին կից կա ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ շինություն, որը, հավանաբար, կառուցվել է ավելի վաղ և մենաստանի պահակատունն է եղել: Հալիձորի բերդը, Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:
Ամրոցից դուրս, արևելյան կողմում կառուցված է Հալիձորի բերդի մյուս եկեղեցին, որն իր հորինվածքով և չափերով հիմնականում նման է Հալիձորի Ս. Աստվածածին եկեղեցուն:
2006-2009 թթ. բերդի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ: Վերականգնվել են Ս. Աստվածածին եկեղեցին, արևելյան, հյուսիսարևելյան, հարավարևելյան պարսպապատերը, հարավային մուտքը:

Հիմնական գրականություն

Մ. Հասրաթյան, Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, 1973:

ՀՍՀ հանրագիտարան, հ. 6, Երևան, 1980: