ԱՂԻՏՈՒԻ (Աղուդի) ԿՈԹՈՂ – ՄԱՀԱՐՁԱՆԸ
Սյունիքի մարզ
գ. Աղուդի
պետ. ցուցիչ՝ 8.11.3.1.6
Վաղմիջնադարյան մեմորիալ ճարտարապետության եզակի հուշարձաններից՝ Աղիտուի մահարձանը, որն ըստ ավանդության կանգնեցվել է պարսից զորքի դեմ հաղթանակ տարած Սյունյաց երեք իշխանների հիշատակին, գտնվում է գյուղի պատմական գերազմանատանը՝ XIII-XIV դդ. խաչքարերի ու տապանաքարերի կողքին: VI-VII դդ. թվագրվող այս հուշարձանը իր ճարտարապետական հորինվածքով եզակի է Սյունյաց աշխարհում: Այն իր մտահղացմամբ հարում է Օձունի V-VI դդ. կոթողին: 15 մ բարձրության կոթողը՝ 2 մույթերով և հորիզոնադիր քիվասալերով շրջանակված երկաստիճան սյունակամարաշարի հորինվածք է: Սրբատաշ քարերով կառուցված, երկու տարբեր չափերի կամարակապ խորշերով ուղղանկյուն պատվանդանի կենտրոնական մասում բարձրանում է երկու ուղղանկյուն մույթերի մեջ ներփակված ութանիստ սյունը՝ պսակված ճոխ զարդարուն խոյակով: Կոթողն ավարտվում է բուսական ճոխ զարդաքանդակներ ունեցող եռամաս կամարաշարով: Հուշարձանը պսակված է եղել քանդակազարդ ծավալային խաչով, որից բեկորներն են միայն պահպանվել: Կոթողի վրա կան անթվակիր 5 արձանագրություններ:
Հուշարձանը նորոգվել է 1970 թ., ճարտարապետ Ա. Ստեփանյանի նախագծով:
Հիմնական գրականություն
Հարությունյան Վ., Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Երևան, 1964:
Հակոբյան Հ., Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1978:
Թամանյան Յու., Քարե տարեգրության վերականգնում, Երևան, 1981:
ՀՀ հանրագիտարան, Երևան, հ. 1, 1990: