ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

2015-05-11T13:15:07+00:00 10/05/2015|Լրահոս|

Անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ 1923 թ-ին ստեղծվեց Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության առաջին պետական մարմինը: Գործունեության տարիներին կոմիտեն հաշվառել, վավերագրել և պետական պահպանության տակ է վերցրել շուրջ 30 հազար հուշարձան, ամրակայել, մասնակի կամ ամբողջական վերականգնել 300-ը: Ծավալուն աշխատանք է իրականացրել նաև Մեծ հայրենականի տարիներին, երբ ռազմի դաշտում պայքար էր մղվում ֆաշիզմի դեմ, թիկունքում՝ ոլորտի նվիրյալների կողմից պահպանվում էր մեր մշակութային ժառանգությունը:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ս.թ. մայիսի 9-ին բացվել է «Հուշարձանների պահպանության կոմիտեի գործունեությունը՝ Մեծ Հայրենականի տարիներին» թեմայով ցուցահանդեսը: Ներկայացվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող 1940-1945 թթ.. արված 15 չափագրութունները, լուսանկարներ և այդ տարիներին տպագրված երեք գիրք: Ներկայացվել է նաև ՀՀ Ազգային արխիվից բերված և Հուշարձանների պաշտպանության կոմիտեի գործունեությությանն առնչվող 27 նյութ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև ռուս զբոսաշրջիկների խումբ: Ցուցադրությունը դիտելուց բացի, նրանք ունկնդրել են նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների հրաշալի կատարումները: Հայրենասիրական երգերն ու Կոմիտասի ստեղծագործությունները հուզել են ռուս զբոսաշրջիկներին, ովքեր իրենց տպավորությունները փոխանցել են երգիչներին և ցուցահանդեսի կազմակերպիչներին, նշելով, որ առաջին անգամ են մեր երկրում և բավականին տպավորված են:

Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: