(Русский) ЯЗЫЧЕСКИЙ РИТУАЛ В ХРАМЕ «ГАРНИ»

(Русский) ЯЗЫЧЕСКИЙ РИТУАЛ В ХРАМЕ «ГАРНИ»

«Անին շտեմարան է հին դարերու հայկական գեղարվեստի ոճերուն և բանալին իրմե առաջ կորած գիտությանց և պատմությանց առեղծվածները լուծելու»:
Թորոս Թորամանյան

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է «Հայկական պատմամշակութային ժառանգության վավերագրեր» մատենաշարի հինգերորդ պրակը: «Թորոս Թորամանյան Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցական համալիրը» գրքում ներկայացված են հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր, ճարտարապետ Թորոս Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած՝ Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցու, կից կառուցված սյունասրահի և մատուռի չափագրություններն ու լուսանկարները:

Զաքարյանների տիրապետության ժամանակ Անիի մեծահարուստ Տիգրան Հոնենցի միջոցներով կառուցված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ իր դասական համաչափությունների, բարձրարվեստ հարթաքանդակների և որմնանկարների շնորհիվ համարվում է Շիրակի ճարտարապետական դպրոցի լավագույն ավանդույթները կրող հուշարձաններից մեկը:

Մինչ այժմ Թ. Թորամանյանի կատարած չափագրություններից միայն համալիրի հատակագիծն է ներկայացված մասնագիտական գրականության մեջ, մյուսները տպագրվում են առաջին անգամ: Անցած 100 տարվա ընթացքում հուշարձանը շատ փոփոխություններ է կրել և դրա սկզբնական վիճակը փաստագրված է միայն Թ. Թորամանյանի գծագրերում ու լուսանկարներում: Սակայն, հայկական ճարտարապետության մեծ երախտավորի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու չափագրական բնօրինակ գծագրերը, ցավոք, կորած են համարվում:

ՊՈԱԿ-ի ֆոնդերում ներկայումս պահվում են եկեղեցուն և սյունասրահին վերաբերող 17 թերթ չափագրությունների լուսանկարչական բնաչափ կրկնօրինակները, որոնք կատարվել են Թ. Թորամանյանի մատիտով արված սևագիր բնօրինակներից:

Համաձայն պահպանված տեղեկությունների՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն ու սյունասրահին պատկանող ևս չորս թերթ չափագրություններ են եղել, որոնք Թ. Թորամանյանը 1913 թ. հանձնել էր պրոֆ. Յ. Ստրժիգովսկուն՝ հայկական ճարտարապետության մասին համատեղ գրքի հրատարակության համար: Սակայն, դրանք Վիեննայից չեն վերադարձվել և կորած են համարվում: Չեն պահպանվել նաև այդ չափագրությունների լուսանկարչական կրկնօրինակները:

Եկեղեցու պահպանվածության վիճակը 20-րդ դարի սկզբին ներկայացնելու նպատակով՝ պրակում ընդգրկված են նաև ՊՈԱԿ-ում պահպանվող Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու որոշ լուսանկարներ, որոնցից շատերի հեղինակները և կատարման թվականները հայտնի չեն: Եկեղեցու վերաբերյալ տեղեկությունները համալրվել են եղած լուսանկարները համադրելով Հայաստանի պատմության թանգարնում պահպանվող համապատասխան լուսապակիների հետ:

Գիրքը նախատեսված է մասնագետների, հայ արվեստի պատմությամբ և մշակույթով հետաքրքրվող հասարակության տարբեր խավերի համար: