ԱՆՑԱԿՑՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԱՆՑԱԿՑՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԴԱՍԵՐ

2018-03-29T15:53:11+00:00 19/04/2017|Արագածոտն, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով միջոցառումների շարք է անցկացվել Արագածոտնի մարզում։

«Բանակ-կրթություն–մշակույթ» եռակողմ համաձայնագրի շարջանակներում ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներն ու Ն զորամասի զինծառայողները սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Աշտարակի և Սասունիկ համայնքի Արցախյան ազատամարտի զոհվածների պանթեոններում, եկեղեցի Կարմրավոր և Վանի 1915 թ. հերոսամարտի հուշարձանների տարածքներում։ Մաքրման աշխատանքներին զուգահեռ մարզային ծառայության աշխատակիցները հուշարձաններին վերաբերող պատմաճանաչողական էքսկուրս են անցկացրել։

Ապարանի թիվ 1, թիվ 2 հիմնական և թիվ 3 ավագ դպրոցների ավելի քան 270 աշակերտների մասնակցությամբ սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև Մեծ եղեռնի, Ապարանի 1918 թ. հերոսամարտում զոհվածների, գերեզման Դրաստամատ Կանայանի (Դրո), խաչքար Սպիտակի 1988 թ. երկրաարժի զոհերին նվիրված հուշարձանների տարածքներում: Միջոցառումն ուղղեկցվել է ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Կարապետ Հակոբյանի, հուշարձանների պահապան Հովհաննես Ալեքսանյանի և պատմության ուսուցիչների անցկացրած պատմաճանաչողական բաց դասով։

Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ մաքրվել են նաև Ուջան համայնքի հուշարձանների տարածքները, այստեղ ևս դպրոցականների համար հուշարձաններին վերաբերող պատմաճանաչողական դաս է անցկացվել։

Իսկ Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցում, մարզային ծառայության նախաձեռնությամբ, բացվել է ՀՀ Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանների լուսանկարների ցուցահանդես, որն ուղեկցվել է հուշարձաններին նվիրված բաց դասով։ Մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, իսկ հուշարձանի պահապան Սերժիկ Ալեքսանյանը՝ տարածաշրջանի հուշարձանները, դրանց հետ կապված ավանդազրույցները, գիտաշխատող Տարոն Մանուկյանն էլ խոսել է հուշարձանների պահպանության խնդիրների մասին։

Միջոցառումներ են իրականացվել մարզի ավելի քան 20 համայնքներում և նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը: