ՄԵՂՐԻՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

ՄԵՂՐԻՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

2018-05-10T11:30:38+00:00 April 12th, 2018|Սյունիք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվել է բաց  դաս՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին և Առաջին Հանրապետության հռչակման 100 ամյա  հոբելյանին: Բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպված դասի նպատակը պատանիներին հայրենասիրություն ու քաջություն սերմանելն է։

Մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը խոսել է  1915-1918 թթ․ Օսմանյան Թուրքիայի հայաջնջման  քաղաքականության, Արևմտյան Հայաստանի հայաթափման մասին, անդրադարձել`  հայապահպանման  գործում  հայ եկեղեցու դերակատարմանը:  Նա անդրադարձել է նաև մայիսյան հաղթանակներին ու Առաջին Հանրապետության հռչակմանը։

Բաց  դասին ներկա հայոց  լեզվի և գրկանության ուսուցչուհի Աննա Աղայանն անդրադարձել է մայիսյան հաղթանակները ներկայացնող գրական ստեղծագործություններին` մասնավորապես  Ակսել  Բակունցի  գործերին:

Հանրակրթական դպրոցի աշակերտները փոքրիկ բեմադրությունների միջոցով ներկայացրել են այդ պատմական ու կարևոր ժամանակահատվածում հոգևորականների գործունեությունը, այդ թվում՝ հավատացյալ ժողովրդին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը։ Ներկայացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի  նախագծով  կառուցված Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրն ու դրա  խորհուրդը, հնչել է Էդգար Հովհաննիսյանի  «Սարդարապատ» երգը։

 

Բաց դասին  ներկա Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել Խաչիկյանը ներկաներին ուղղված խոսքում ընդգծել է հայ ժողովրդի ազատագրական պայքարում Հայոց եկեղեցու կարևոր մասնակցությունը, անդրադարձել Արցախի ազատագրական պայքարին,  ապրիլյան ռազմական գործողություններին:

 

 

Բաց դասն ամփոփվել է հարց ու պատասխանով: Դպրոցականները աչքի են ընկել Առաջին Հանրապետության հռչակման մասին խորը գիտելիքներով։ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Ոսկեհատ Գևորգյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը: Նրա խոսքով մեր պատմության հերոսական էջերին անդրադառնալը պատանիների  հայեցի դաստիարակման լավագույն  օրինակ է։

 

Հեղ. Ն. Եփրեմյան