ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2015-07-10T16:37:41+00:00 08/07/2015|Լրահոս|

Հուլիսի 8-ին ամփոփվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ` Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի, Արմավիրի մարզային ծառայությունների, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի ընթացիկ տարված առաջին կիսամյակի աշխատանքները: Հաշվետվության ընթացքում զեկուցումներով հանդես են եկել մարզային ծառայությունների պետերն ու մասնաճյուղերի վարիչները: Ներկայացրել են անցած ամիսների կատարած աշխատանքը, ՊՈԱԿ-ի հանձնարարականների ընթացքը, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմաննն ուղված քայլերը, խոսել խնդիրների մասին: Գրեթե բոլոր մարզերում գերխնդիրը շարունակում է մնալ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունը, ինչը լուրջ խոչընդոտ է հուշարձանի պահպանության գործում, երբեմն էլ տեղական ինքնակառավարման մարմինների ու անհատների հետ վեճերի առիթ է դառնում: Պահպանական գոտիների բացակայությունը լուրջ խնդիր է հարուցում նաև իրավախախտումներն արձանագրելու և դրանք վերացնելու ընթացքում: Զեկուցումներում առանձնացվել է վտանգված հուշարձանների խնդիրը, նշվել, որ վեց ամիսների ընթացքում դրանց թիվն ավելացել է: Մարզային ծառայությունների պատասխանատուները խոսել են նաև «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի» հետ անճշտությունների մասին:

Ընդհանուր առմամբ մարզային ծառայությունները շարունակել են արդյունավետ գործակցել ՏԻ մարմինների հետ, շարունակվել է «Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցությունը: Շուրջ 100 միջոցառում է անցկացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին, Շուշիի ազատագրմանը:

Արգելոցների ու արգելոց թանգարանների վարիչներն առանձնացրել են շենքային պայմանների խնդիրները, միաժամանակ նշելով, որ դրանք խոչընդոտ չեն եղել բազմաթիվ միջոցառումների կազմակերպման համար: Որոշ արգելոց թանգարաններ այս տարվա վեց ամիսների ընթացքում ավելի շատ այցելուներ են ունեցել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Հաշվետվության ավարտին մարզային ծառայությունների պետերի համար ՊՈԱԿ-ում անցկացվել է իրավաբանական խորհրդատվությաւն-սեմինար: ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորայր Հակոբյանը խոսել է հուշարձանների պահպանական գոտիներում արձանագրված իրավախախտումների դեպքերում ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործողությունների ընթացակարգի մասին:

Հուլիսի 9-ին կամփոփվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Երևանի ՊՄՊ մարզային ծառայությունների և «Լոռի Բերդ» քաղաքատեղի պ/մ արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի աշխատանքները: