ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2016-01-22T16:25:03+00:00 20/01/2016|Լրահոս|

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի է ունեցել «Հին Հայաստանի մշակույթը» հանրապետական 16-րդ գիտաժողովը, որի նպատակը 2009-2014 թվականների ինստիտուտի կատարած աշխատանքներն ամփոփելն է: Գիտաժողովի ընթացքում հնագետներն անդրադարձել են իրենց կատարած մի քանի տարիների դաշտային հետազոտական աշխատանքներին, պեղված նյութի ուսումնասիրմանը, ներկայացրել մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքները:

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքերով, զգալի նորություններ կան քարեդարյան հնավայրերի ուսումնասիրության ոլորտում. «Պեղումների ընթացքում նոր պատկերացումներ են ձևավորվել հայկական լեռնաշխարհի այս տարածքների սկզբնական բնակեցման մասին, ի հայտ են եկել սկզբունքորեն նոր տվյալներ, որոնք ոչ միայն փոխում են այս տարածաշրջանում նախամարդու բնակեցման վերաբերյալ մինչ այժմ եղած պատկերացումները, ավելին՝ Հայաստանի հուշարձանների ուսումասիրությունը նոր տեղեկություններ է տալիս ընդհանրապես Եվրասիայի տարածքում նախամարդու և բանական մարդու տարածման ճանապարհների վերաբերյալ»: Պավել Ավետիսյանն ընդգծել է, որ բոլոր այդ ուսումնասիրությունները կատարվել են համատեղ ծրագրերի շրջանակներում՝ յուրաքանչյուր տարի արտերկրի մասնագետների հետ իրականացնելով 16-20 համատեղ ուսումնասիրություններ: Սա նշանակում է, որ ժամանակակից հնագիտության մեջ որոշակի ներդրում ունեցող հայտնի մարդիկ, լուրջ հետազոտողներ հետաքրքրված են Հայաստանի հուշարձաններով:

Գիտաժողովի ընթացքում դրանցիցից մեկին՝ Մեծամորի հնագիտական պեղումներին է անդրադարձել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, որը նաև վարել է գիտաժողովի նիստերից մեկը: Աշոտ Փիլիպոսյանն անդրադարձել է 2010-2012 թվականներին Մեծամորի միջնաբերդում և դամբարանադաշտում կատարված պեղումներին. «Մաքրվել և պեղվել են այն դամբարանները, հարակից տարածքները, որոնք մինչ այդ պեղել էր Էմմա Խանզադյանը՝ ճշգրտելու և հստակեցնելու նպատակով, արդյոք որևէ խնդիր դուրս չի մնացել հնագետի ուսումնասիրություններից: Արդյունքում հաստատվել է այն ենթադրությունը, որ Էմմա Խանզադյանի պեղած մեծ դամբարանաբլուրները ուշ բրոնզեդարյան կառույցներ են, որոնց մեջ բարձրաստիճան մարդկանց երկաթեդարյան վերաթաղումներ են արվել: Էմմա խանզադյանը իր աշխատանքներում նշում է, որ իրեն համար էլ անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ անագե, ոսկե առարկաները, որոնք ունեն ուշ բրոնզեդարյան արտաքին, հայտնվում են երկաթեդարյան խեցեղենի հետ: Այս երևույթը ցույց է տալիս, որ եղել են կրկնակի թաղումներ»:

Աշոտ Փիլիպոսյանը տեղեկացրել է, որ Մեծամորի հնագիտական պեղումների հիմնական փուլը սկսվել է 2013 թվականից, երբ պայմանագիր կնքվեց Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հետ՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Պետք է նշել, որ հայ-լեհական արշավախումբը բավականին արդյունավետ պեղումներ է իրականացրել բուն դամբարանադաշտի տարածքում: Միաժամանակ՝ համաձայնագրի շրջանակներում, ՊՈԱԿ-ի երեք աշխատակիցներ վերաորակավորում են ստացել Վարշավայի համալսարանում: Ըստ Աշոտ Փիլիպոսյանի՝ լեհական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի աշխատանքները շարունակվեն նաև 2016 թվականին՝ պեղումներ իրակնացնելով երկու հատվածում՝ միջնաբերդում և քաղաքային թաղամասում: