ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել Վայոց ձորի մարզում։ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Մեր շրջակա միջավայրը և նրա պահպանման կարևորությունը» թեմայով բաց դաս։ Ներկա են եղել Վերնաշեն համայնքի միջնակարգ  դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ։ Բաց դասի ընթացքում արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը խոսել է մեզ շրջապատող բնության գեղեցկության, առանձնահատկությունների, օգտակարության և պահպանման խնդիրների մասին։ Անդրադարձել է նաև բնության անկրկնելի վերարտադրությանը կերպարվեստում ։  Միջոցառման ավարտին Բարիս Քոչարյանը պատասխանել է  աշակերտներին հետաքրքրող հարցերին։  

 Նույն օրը «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ Թանահատի վանական համալիրի տարածքում իրականացվել է ծառատունկ։  Նրանք տնկվել են փշատենու և տանձենու (քռոսիկ) ավելի քան 40 տնկիներ` հիմնականում ձորի ջրամերձ հատվածում:

 

 «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում ևս ծառատունկ է իրականացվել. տնկվել են այդ հուշարձանին հատուկ ծառատեսակներ՝ մասրենի, ընկուզենի,  սալորենի, մոտ 30 տնկի։

Ծառատունկն իրականացվել է ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետի և արգելոցի աշխատակիցների շնորհիվ։

Ծառատունկին հաջորդել է Արենիի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար անցկացված  «Նորավանքի ձորի բնությունը և նրա պատմական անցյալը» խորագրով բաց դասը:  «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը ներկայացրել է օրվա խորհուրդն ու միջոցառման նպատակը: Նա իր խոսքում կարևորել է Նորավանքի ձորի էնդեմիկ բույսերի պահպանությունը և նշել, որ այստեղ աճում են նաև հազվագյուտ տեսակի բույսեր, որոնց մեծ մասը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում ( Կարմրան, սրոհունդ, միամյա զանգակ, խլածաղիկ, մանրածաղիկ մեխակ, սզնի, փռշնի և այլն), ինչպես նաև տարբեր բույսերի վայրի ցեղակիցներ (վայրի տանձ, բալ, ընկույզ, պիստակ, նուշ, փշատ, խաղող, վայրի ոսպ, ցորեն, սոխ և այլն):  Շաքե Ղարախանյանը մանրամասն ներկայացրել է 20 անուն դեղաբույսերի նկարագիրը՝  որ ընտանիքին են պատկանում, քանի տեսակ գոյություն ունի, ինչ պայմաններում են աճում, որ տեսակներն են հանդիպում Հայաստանի տարածքում և որոնք լայն տարածում ունեն բժշկության մեջ: Բաց դասին միացել է նաև դպրոցի բնագիտության և աշխարհագրության ուսուցիչ Աշոտ Մարտիրոսյանը և ներկայացրել Նորավանքի ձորի այն բուսատեսակները, որոնց բարիքներից այսօր էլ շարունակում են օգտվել մարդիկ  (կծոխուր, բոխի, ծնեբեկ, ունաբ, ընկույզ, թութ և այլն): Աշակերտները հնարավորություն են ունեցել մեծ էկրանին տեսնելու արգելոցի տարածքում աճող որոշ բույսերի լուսանկարներ: