«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ս․ թ․ սպրիլի 20-ից կվերսկսի աշխատանքը։ Այս պահին արգելոցի տարածքում նախապատրաստական աշխատանքներ են։
Հարգելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ ամրոցի մուտք տանող ճանապարհի աջակողմյան հատվածում ձնհալի հետևանքով փլվածք է առաջացել։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը այս պահին աշխատանքներ է իրականացնում նախկին տեսքը վերականգնելու, ճանապարհը անվտանգ դարձնելու ուղղությամբ։
Սիրելի՛ այցելուներ, հորդորում ենք տվյալ հատվածում ուշադիր լինել։
Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամրոցի կառուցման տեղը ընտրվել է հին և միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն: 5 հա տարածությամբ եռանկյունաձև հրվանդանը, որի վրա գտնվում է ամբողջ բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով:
Այցելելով Ամբերդ կտեսնեք հետևյալ ճարտարապետական կառույցները՝ միջնաբերդը կամ իշխանական դղյակը, դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.),, գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում:
Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: