«Ամբերդ ամրոց»-ն ապրիլի 20-ից վերսկսում է աշխատանքը

«Ամբերդ ամրոց»-ն ապրիլի 20-ից վերսկսում է աշխատանքը

2023-04-19T12:02:05+00:00 19/04/2023|Լրահոս|

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ս․ թ․ սպրիլի 20-ից կվերսկսի աշխատանքը։ Այս պահին արգելոցի տարածքում նախապատրաստական աշխատանքներ են։

Հարգելի՛  այցելուներ, տեղեկացնում ենք, որ ամրոցի մուտք տանող ճանապարհի աջակողմյան հատվածում ձնհալի հետևանքով փլվածք է առաջացել։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը այս պահին աշխատանքներ է իրականացնում  նախկին տեսքը վերականգնելու, ճանապարհը անվտանգ դարձնելու ուղղությամբ։

Սիրելի՛ այցելուներ,  հորդորում ենք տվյալ հատվածում ուշադիր լինել։

Ամբերդ  ամրոց-բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամրոցի կառուցման տեղը ընտրվել է հին և միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն:  5 հա տարածությամբ եռանկյունաձև հրվանդանը, որի վրա գտնվում է ամբողջ բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով:

Այցելելով Ամբերդ  կտեսնեք հետևյալ ճարտարապետական կառույցները՝ միջնաբերդը  կամ իշխանական դղյակը, դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին  (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.),, գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում:

Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: