Մեծամորի տաճարային համալիրը

Մեծամորի տաճարային համալիրը

Հայաստանի հնագիտական հուշարձանների շարքում Մեծամորն առանձնանում է պաշտամունքային կոթողներով ու շինություն-համալիրներով: 1960-1980-ական թթ. միջնաբերդի հյուսիսարևմտյան հատվածում պեղված տաճարային համալիրն իր չափերով ու կառուցվածքով մինչ օրս եզակի է Հայաստանի հնագիտական հուշարձանների մեջ: Պեղումներով բացվել են յոթ սրբարան-զոհասեղաններ` կից կավակերտ կառուցվածքներով: Այս յոթ սրբարաններից հինգը պեղումներից հետո չափագրվել են և հետագա պահպանության նպատակով ծածկվել, իսկ ահա կենտրոնական և ավելի բարձր դիրք զբաղեցնող այս երկու սրբարան-զոհասեղանները թանգարանացվել են, հարմարեցվել ցուցադրության համար:

Այս սրբարանները բացվել են մոտ 40 մ2 պահպանված մակերեսով քառանկյունաձև, շինությունում` կառուցված ժայռի կտրվածքի մեջ, կողմնորոշված` հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք գծով: Կենտրոնում զետեղված են դեպի արևելք բարձրացող զոհասեղանները, իսկ մյուս պատերի տակ գտնվում են օժանդակ, ծիսական արարողությունների համար նախատեսված կավակերտ կառուցվածքները:

 

Անդրադառնանք սրբարան-զոհասեղաններին:
Առաջին սրբարանի բարձրադիր զոհասեղանի` դեպի վեր խոյացող կոթողներից առջևինը` գլանաձև-սյունանման է, իսկ հաջորդ երկու կոթողները հիշեցնում են խիստ ոճավորված, ձեռքերը վեր պարզած մարդակերպ ֆիգուրներ: Կոթողների բոլոր գագաթներին արված են թասանման գոգավորություններ: Նման գոգավորություններ տեսնում ենք նաև կոթողների հիմքի մոտ` աջից և ձախից: Այս գոգավորությունների թիվը 13 /տասներեք/ է;

Երկրորդ սրբարանի բարձրադիր զոհասեղանի առջևի կոթողը դարձյալ սյունանման է, գագաթին` թասանման գոգավորություն: Հաջորդ երկու կոթողներն ուսային կտրվածքներով, դեպի ցած մի փոքր լայնացող և հաստացող, հարթ կավակերտ տախտակներ են, որոնցից առջևի, համեմատաբար փոքր տախտակը հնում կոտրված է եղել:

Այս սրբարան-զոհասեղանների կողքին, պատերի տակ եղել են կավակերտ, տարատեսակ կառուցվածքներ` հեղումների, զոհաբերությունների և ծիսական տարբեր արարողությունների համար:
Այստեղ, պեղումների ժամանակ, հայտնաբերվել են կավամաններ` սննդի, հացահատիկի ածխացած մնացորդներով, դաճ-դրոշմիչներ, որոնցով նախշվել է հավանաբար տեղում թխված սրբազան հացը, հեղուկների` հավանաբար գինու և ջրի համար նախատեսված սափորներ և այլն: Հայտնաբերվել են նաև շարժական կրակարանի բեկորներ, մեծ քանակությամբ մոխիր:

Ցավոք, տաճարային համալիրն ավերվել է VIII դարում` ուրարտական նվաճումների ժամանակ: Տաճարային համալիրի արևմտյան հատվածի վրա ուրարտացիները կառուցել են պաշտպանական պարիսպ և, ըստ էության, տաճարի ճարտարապետական կառուցվածքի վերաբերյալ այլ մանրամասներ մեզ հայտնի չեն:

Թե ինչ աստվածությունների կամ աստվածների են նվիրված եղել Մեծամորի սրբարան-զոհասեղանները և ինչպիսի ծիսակատարություններ են կատարվել այստեղ, այժմ դժվար է ասել: Մեծամորի ուշբրոնզեդարյան – վաղերկաթեդարյան սրբարաններում, դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից և համաժամանակյա մերձավորարևելյան գրավոր սկզբնաղբյուրների տվյալներից, կարող ենք ենթադրել, որ այստեղ իրականացվել են նոր տարվան, բնության զարթոնքին, պտղաբերությանը, արևի, լուսնի, հողմի ու ջրի աստվածություններին նվիրված ծիսակատարությունները, ծննդին ու մահվանն առնչվող արարողություններ: Զոհասեղանների կոթողներն իրենց ամբողջության մեջ կարող են արտահայտել եռաստվածության գաղափարը: