Շաբաթ երեկոյան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին սպասում էր ամանորյա հեքիաթը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Ամանորյա հրաշքը Գառնիում» միջոցառումը։
Տարատեսակ խաղեր, տոնածառի խաղալիքների, քաղցր բամբակի պատրաստում, ակվագրիմ, աճպարար, Ձմեռ պապ, Ձյունանուշ, նվերներ ամանորյա լուսավորություն։ Ամեն բան մտածված էր երեխաների տոնն անմոռանալի և տպավորիչ դարձնելու՝ հեքիաթային տրամադրություն ստեղծելու համար։
Արևիկ Աբրահամյան Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ
Այս միջոցառման նպատակը ոչ միայն երեխաներին ուրախություն պարգևելն է, այլև ազգային արժեքներին, պատմությանը և մշակույթին մոտեցնելու լավ հնարավորություն է: Տարբեր տարիքային խմբերի և առանձնահատկության երեխաների միավորել է այն, որը համագործակցության և սոցիալական հմտությունների զարգացման լավ օրինակ է։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ գործակցությամբ «Գառնի» էին այցելել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն բարեգործական հասարակական կազմակերպության սաները:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կարևորում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներում, ինչը ստեղծում է ինտեգրման հնարավորություններ և ընդգծում սոցիալական հավասարությունը միավորելով երեխաներին մեկ գաղափարի շուրջ՝ մանկուց ճանաչել, պահպանել սեփական ժառանգությունը։