ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ (ԵԿԵՂԵՑԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ )

ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ (ԵԿԵՂԵՑԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ )

2019-10-21T16:57:50+00:00 August 12th, 2015|Վայոց Ձոր, Հուշարձաններ|

Վայոց ձորի մարզ, պետ.ցուցակ` 9.21.11.

Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը: IX դարի առաջին տասնամյակներից մինչև XVII դարի կեսերը եղել է Վայոց Ձորի քաղաքական կենտրոնը` միաժամանակ կարևոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում:Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել XIII-XIV դարերում, երբ Վայոց ձորում իշխում էր Օրբելյան իշխանական տունը:

Այս շրջանում Եղեգիսն այնքան նշանավոր էր, որ գրչագիր ձեռագրերում Վայոց Ձոր գավառը հիշատակվում էր «Ի գավառս Եղեգիս», «Ի երկիրն, որ կոչի Եղեգիս» անվանումներով:1297թ. Եղեգիսում Հովհան գրչի կողմից ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում կարդում ենք. «…Բայց գրեցավ Աստուածային մատեանս ի գավառիս Սիսական, գերահռչակ մայրաքաղաքիս Եղեղեգեաց, առ ոտստիրամաւ Աստուածածնիս և սուրբ Կաթողիկէիս և փառավորեալ ս. Նախավկայիս»:

Եղեգիսում այսօր էլ պահպանվել են պատմական տարբեր ժամանակաշրջանների հուշարձաններ, ինչպես ներկայիս գյուղի տարածքում, այնպես էլ նրա շրջակայքում:

Գյուղի արևելյան ծայրին միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է Զորաց եկեղեցին: Այն կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331թթ.):

2006-2007թթ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանի ղեկավարած արշավախումբը մասնակի պեղումներ իրականացրեց հուշարձանի տարածքում:

«…Այս չափազանց հետաքրքիր կառույցը,- գրում է արշավախմբի ղեկավար Հ. Մելքոնյանը,- ներկայացնում է լայն բացվածքով, երկու սյուներով, երեք մասի բաժանված միակ արևելյան բեմով, նրան երկու կողմերին կից ավանդատներով բաց եկեղեցի: Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:

Եկեղեցու արևմտյան կողմում բաց գավիթն է: Գավիթի ճարտարապետությունը հատուկ է Վայոց Ձորին: Եկեղեցին կրող բարձունքի շուրջը պահպանվել են բազալտի զանգվածեղ քարերով կառուցված պարիսպների և սրբատաշ քարով պատրաստված դարպասի մի մասը: Նրա շուրջը գերեզմանատունն է` իր մի քանի տասնյակի հասնող խաչքարերով ու տապանաքարերով: Տաճարի արևմտյան հատվածում, ավելի քան 65 քմ մակերեսով, բացվել են տապանաքարեր, որոնցից չորսն ուեն հիշատակագրեր:

Արշավախմբի ղեկավարը շարունակելով ավելացնում է, որ «…պեղումներով բացվել են հյուսիս-հարավ առանցքով իրար հաղորդակից երեք սենյակներ,որոնց պատերը շարված են երկշար, բազալտի զանգվածեղ քարերով:…Ուշագրավ է շինության արևելյան և հարավային պատերում զետեղված մեկական խորշերի մեջ տեղադրված պահարանները:… Նորաբաց սենյակներում առկա բազմաթիվ դարակների ու պահարանների գոյությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ մենք գործ ունենք միջնադարյան գրչության վայրի և գրապահոց Մատենադարանի հետ»:

Այսօր հուշարձան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ մարզի տարածքում ծառայող զինվորները, պարբերաբար այցելելով հուշարձանի տարածք, իրականացնում են մաքրման աշխատանքներ: