ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ. ԱՐՑԱԽԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ. ԱՐՑԱԽԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ

2016-07-11T12:41:54+00:00 12/05/2016|Լրահոս|

Արցախի տեսարժան վայրերից է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը։ Շբոսաշրջիկների պակաս այստեղ չի զգացվում. պատմամշակութային ժառանգությունն իր տեսարժան վայրերով միայն հիացմունք է առաջացնում այցելուների մոտ: Ջդրդուզի ամենաբարձր կետից կարելի է տեսնել 250մ բարձրության կիրճի վրա կառուցված պատերը, որոնք վեր են խոյանում բերդաքաղաք Շուշիի հարավ-արևմտյան մասում գտնվող Կարկառ գետի վրա: Կիրճի միջով ոտքով զբոսնել ցանկացողներն ականատես են լինում աննկարագրելի գեղեցկության. մի կողմից հերարձակ ջրվեժներն ու խիտ անտառներն են, մյուս կողմից՝ դեռևս քարե դարում բնակելի քարանձավները, Հունոտ գյուղի ավերակներն ու հնամենի կամուրջները:

Պատմական, բնական և ճարտարապետական այս հրաշքները տեղակայված են շուրջ 400 հեկտար մակերես ունեցող արգելոցում: Կիրճի տարբեր տեսարժան վայրեր տանող արահետները նշված են զբոսաշրջության ուղեցույցներում: Գլխավոր երթուղին տանում է դեպի հրաշագեղ Մամռոտ քար ջրվեժը, որը հայտնի է նաև Հովանոցներ անվանումով. այն կիրճի անկրկնելի զարդերից մեկն է՝ հսկա մամուռները բնական անձրևանոցների դեր են տանում քարերից թափվող սառնորակ ջրերի հաճույքը վայելող զբոսաշրջիկների համար: Ճանապարհին կան հնագույն ջրաղացների ավերակներ, բնական աղբյուրներ: Երկրորդ երթուղին տանում է դեպի Ամարաթ և Զույգ Աչք քարանձավները, իսկ երրորդը՝ դեպի Հունոտ գյուղի ավերակները, կամարաձև քարե կամուրջը, ականակիտ աղբյուրները:

Հունոտ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, Կարկառ գետի ձախ ափին։ Գյուղի ավերակներն այսօր զբաղեցնում են մոտ 1,5 հեկտար տարածք: 19-րդ դարի վերջին Հունոտում ապրում էր 130 մարդ, որոնց եկամտի հիմնական աղբյուրը գործող ջրաղացներն էին։ Խորհրդային տարիներին՝ Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով, գյուղի բնակիչները ստիպված էին արտագաղթել: Բնակավայրը ներկայումս ավերված է, պահպանվել են մեկ տասնյակից ավել կիսավեր բնակելի տներ, կամուրջը, գյուղի գերեզմանոցը, ջրաղացը։ Հունոտի քարե կամարաձև կամուրջը կառուցվել է 1720թ. և մինչ այժմ ծառայում է իր նպատակին: Կամուրջն ունի 25մ երկարություն, 4մ լայնություն, 8մ բարձրություն և գտնվում է ծովի մակարդակից 889մ բարձրության վրա:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության առաջարկով Հունոտ գյուղում և մոտակա գերեզմանոցում սանիտարական մաքրման և ընկած տապանաքարերի բարձրացման աշխատանքներ են իրականացվում: Այդ աշխատանքներին մասնակցում է նաև մոտակա գյուղի բնակիչ Հովիկ Բեգլարյանը:

«Տապանաքարերի վրա փորագրված խաչեր, քրիստոնեական նշանակության հատուկ նախշեր կան: Հենց այդ խաչերի պատճառով էլ ադրբեջանցիները դիտավորյալ փշրել են շիրմաքարերը», -ասում է նա:

Հայաստանի ազգային արխիվում պահպանված փաստաթղթերից մեկում նշվում է, որ Հունոտ գյուղի եկեղեցին պատկանում է Ղարաբաղի թեմին։ Այլ փաստաթղթերում էլ պահպանվել է 1851թ. Ղարաբաղի թեմի հոգևորականների ցուցակը, նշում կա նաև Շուշիքենդ, Դաշուշեն և Հունոտ գյուղերի եկեղեցիների մասին, իսկ 1896թ. գրության համաձայն՝ Մխիթարաշեն (Արկաթալի) և Հունոտ գյուղերում գործում էր մեկ եկեղեցի՝ Գևորգ քահանա Սարգսյանի առաջնորդությամբ։ ՀՀ ազգային արխիվի փաստաթղթերի համաձայն՝ 1916թ. Հունոտ գյուղի եկեղեցին արդեն չուներ սպասավոր, որի պատճառով էլ, հավանաբար, սրբավայրը դադարել է գործելուց։

Հունոտի կիրճում այժմ պահպանվել են նշված եկեղեցու ավերակները, որի մասին վկայում են նաև Արցախի թեմի վավերագրերը (1901թ.)։ Հունոտի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստան են բերվել Բաթում քաղաքի արխիվից։