ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
(Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ)
ք. Երևան
պետ. ցուցիչ` 1.6.81
Մատենադարանը հիմնադրվել է 1959-ի մարտի 3-ին, Էջմիածնի (այնուհետ` Պետական) ձեռագրատան հիմքի վրա: Ձեռագիր ու տպագիր մատյանների (գրքերի) պահպանումն ու հասարակական օգտագործումը կազմակերպող գիտահետազոտական կենտրոն է` աշխարհասփյուռ ձեռագրերի հայկական ամենախոշոր պահոցը: Ձեռագրերի թիվը ավելի քան 17014 միավոր է: Մատենադարանի ամենափոքր ձեռագիրը «Տոնացույցն» է, ամենամեծը` «Մշո ճառընտիրը»: Մատենադարանի շենքը (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան) նախագծվել և կառուցվել է 1945-1957թթ: Գտնվում է Երևանի կենտրոնի հյուսիսային կողմում բարձրացող սարահարթի լանջին` Մաշտոցի պողոտան եզրափակող բարձունքի վրա: Կառուցված է բազալտ քարից, ներսում օգտագործված են տարբեր մարմարատեսակներ:
Շենքում կան անհրաժեշտ սարքավորումներով գրապահոցներ, աշխատասենյակներ, սրահներ, դահլիճներ և այլն: Հայ միջնադարյան անվանի գործիչների արձաններն իրենց ճարտարապետական գեղեցիկ լուծումներով զարդարում են Մատենադարանի շենքը: Գլխավոր ճակատի խորշերի միջապատերի առջև հայ միջնադարյան գրականության, արվեստի, գիտության տաղանդավոր գործիչների` Մովսես Խորենացու, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ դրանցից ցած` փոքրիկ հրապարակում` Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենագիր Կորյունի արձանախումբը:
Շենքի աջակողմյան և ձախակողմյան սրահներում 1970-ական թթ. կազմակերպվել է բացօթյա ցուցադրություն: Աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հայ ճարտարապետական ու կոթողային հուշարձանների զանազան մանրամասեր:
2012թ. աջակողմյան սարահարթի լանջին, գործարկվել է ժամանակին համահունչ Մատենադարանի նոր մասնաշենքը (ճարտարապետ` Արթուր Մեսչյան):
Հիմնական գրականություն.
Գ. Աբգարյան, Մատենադարան, Եր., 1962: