ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑ ԴԱՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑ ԴԱՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2021-11-17T14:16:26+00:00 10/03/2016|Երեվան, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի ու ցուցադրությունների կազմակերպման բաժինների համատեղ իրականացրած «Հարատևող հիշողություն. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» խորագրով ցուցադրությունն ավարտվել է «Ճանաչենք մեր պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ինտելեկտուալ մրցույթով: Հուշարձանների մասին ունեցած գիտելիքներով մրցել են Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ «Հայ ասպետներ», «Նորավանք» և «Հայոց թագավորներ» թիմերով:

Ծրագրի նպատակը դպրոցականների շրջանում պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումն է, դրանց վերաբերյալ հարուստ տեղեկություն փոխանցելը: Միջոցառումն անցկացվել է թիմերի ակտիվ մասնակցությամբ և թեժ պայքարի մթնոլորտում: Ընդմիջումներին մրցույթի մասնակիցները դիտել են Անիի Գագկաշեն եկեղեցու վերաբերյալ ֆիլմ և լսել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատմության վերաբերյալ դասախոսություն, որը ներկայացրել է Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Անդրանիկ Ավետիսյանը:

Մրցույթին ներկա են եղել ուսուցիչներ, աշակերտներ, ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: Հաղթող է ճանաչվել «Հայոց թագավորներ» թիմը, որի անդամները պարգևատրվել են ՊՈԱԿ-ի հրատարակած «Մոմիկ» գրքով և պատվոգրով, իսկ մյուս երկու թիմերը՝ խրախուսական գովասանագրերով:

Մրցույթի ավարտին ելույթ է ունեցել դպրոցի տնօրենի տեղակալ Արթուր Մկրտչյանը, նա կարևորել է մշակույթի զարգացման դերը աշակերտների շրջանում և շնորհակալություն հայտնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին՝ գեղեցիկ և ուսուցողական միջոցառում կազմակերպելու համար: