«ԱՄԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

«ԱՄԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ 2019-10-22T16:24:33+00:00

Ամբերդը հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից մեկն էր: Ըստ որոշ աղբյուրների դղյակը և պարիսպների մի հատվածը կառուցվել են 7-րդ դարում Կամսարականների օրոք: 10-րդ դ. սկզբին ամրոցն իր շրջակա շինությունների հետ պատկանել է Պահլավունիների իշխանական տանը: Վահրամ Պահլավունին 1026 թ. այստեղ կառուցել է եկեղեցին, ամրակայել ամրոցի պատերը, բարձրացրել 3 աշտարակները Արքաշեն գետի կիրճի կողմից՝ Ամբերդը դարձնելով իր նստավայրը: 1070 թ. սելջուկները գրավել են Ամբերդը՝ վերածելով իրենց զորակայանի: 1196 թ. հայ-վրացական միացյալ զորքը Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ ազատագրել է ամրոցը, որն, այնուհետ հանձնվել է Զաքարյան իշխաններին: Նրանց օրոք՝ 12-13- դդ. Ամբերդն ամրացվել է կիսաբոլոր բուրգերով ամրացված հզոր պարիսպով և վերանորոգվել են դղյակն ու մյուս շինությունները: 1236 թ. ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, որից հետո կրկին վերականգնվել է 13-րդ դ. վերջին՝ Վաչուտյանների կողմից: Ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դ. վերջին՝ Լենկթեմուրի օրոք:

 

Ամրոցապարիսպներ և մուտքեր

Ամբերդ ամրոցի պարսպապատերը ունեցել են 15 մ բարձրություն, կառուցվել են կոպիտ մշակված բազալտե մեծ քարերով՝ հիմքի համար օգտագործելով մեծ ժայռաբեկորներ: Ամբերդ գետի կողմից կիրճի անմատչելիությամբ պայմանավորված՝ պարսպապատի անհրաժեշտությունը միայն ամենացածր հատվածում է եղել: Մինչդեռ Արքաշենի կողմից կիրճը թեև կտրուկ զառիվեր է, բայց ոչ անմատչելի: Ուստի այս կողմից անհրաժեշտ էր ամրոցը պատնեշել հզոր պարսպով: Այդ նպատակով Ամբերդաձորի արևմտյան հատվածում կառուցվել է ևս 20 մ երկարությամբ պատ՝ ապահովելով հրվանդանի պաշտպանական ամբողջությունը: Պարիսպը բուրգերով կառուցվել է միայն հյուսիս-արևելյան կողմում, որը համարվել է ամրոցի ամենախոցելի հատվածը:
Ամրոցապարիսպներն ունեցել են երկու մուտք՝ Ամբերդաձորի և Արքաշենի, որոնք կառուցվել են համալիրի միջնադարյան ամրաշինական կառույցների հետ միաժամանակ: Հետագայում կառուցվել են նաև Արքաշենի ձորի նոր դարպասը՝ մուտքը ավելի ամուր դարձնելու նպատակով և Ամբերդաձորի դարպասի երկրորդ մուտքը՝ ուղղանկյուն աշտարակով:

 

Միջնաբերդ-դղյակ

Դղյակը տեղադրված է ամրոցի միակ խոցելի՝ հյուսիս-արևմտյան մասում: Զբաղեցրել է 15002 մ մակերես, պատերի բարձրությունը կազմել է 15 մ: Եռահարկ դղյակը կառուցվել է բազալտե մշակված քարերից, գլխավոր մուտքը գտնվել է հարավային կողմում: Մուտքին հաջորդել են վերին հարկերն ու սենյակները տանող քարե աստիճանները: Պատուհանները եղել են միայն հարավային կողմից, որոնք վերևի հարկում ավելի լայն են, քան ներքևի և հավանաբար պաշտպանված են եղել երկաթե ճաղավանդակներով: Դղյակի ներքևի հարկերն օգտագործել են որպես մթերքի ու զենքի պահեստներ, իսկ վերևինը՝ զորանոց: Դղյակի յուրաքանչյուր հարկում եղել է հնգական սենյակ: Կենսագոյության համար անհրաժեշտ ջրի պաշարն ապահովել են առաջին հարկում, սենյակներից մեկի հատակի տակ կառուցված թաղածածկ ջրամբարի միջոցով, որը սնուցվել է կավե խողովակաշարով: Կառույցը X դարում վերածվել է իշխանական դղյակի:

 

Եկեղեցի սբ. Աստվածածին

Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1026թ.-ին, Վահրամ Պահլավունի իշխանի կողմից, ինչի մասին կա հիշատակություն եկեղեցու հյուսիսային մուտքի ներսի բարավորի վրա: Եկեղեցին մեզ է հասել գրեթե նախնական ձևով: Այն կենտրոնագմբեթ է, կառուցված տեղական բազալտից, դրսից և ներսից սրբատաշ: Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերից: Ներսում խաչաձև հիմքի չորս անկյուններում տեղադրված են կրկնահարկ ավանդատներ: Արևելյան գլխավոր խորանը կիսակլոր է, բեմը՝ բարձր, պատուհանները՝ ութը:

 

Մատուռ

Ըստ մատուռի հատակագծի և պահպանված քարերի ուսումնասիրության կառույցը թվագրվում է XII-XIII դարերով: Այն փոքր կառույց է, ուղղանկյուն հատակագծով՝ 5,5 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ: Միակ մուտքը հարավից է, կառուցված տեղական սրբատաշ բազալտ քարով: Հայտնաբերվել է 1936թ.-ի պեղումների ընթացքում, ամբողջովին ավերված: Այդ ժամանակ էլ իրականացվել է վերակառուցման աշխատանքները, իսկ ամբողջապես վերականգնվել է 2007թ.-ին:

 

Բաղնիքը

Բաղնիքը XI դ Պահլավունիների կողմից կառուցած նշանավոր շինություններից մեկն է: Ունի ուղղանկյուն հատակագիծ, բաղկացած է 3 բաժանմունքից՝ հնոց, լոգարան, հանդերձարան: Կառուցվել է սրբատաշ բազալտե քարով, մուտքը մեկ աստիճանով ցածր է արվել, չի ունեցել պատուհաններ, ծուխն ու տաք օդը օգտագործել են բաղնիքը տաքացնելու համար: Ջուրը բաղնիք է բերվել կավե խողովակներով, որոնց հետքերը պահպանվել են ջեռուցման սենյակում: Այստեղից արդեն տաք ջուրը լոգարան է հոսել երկաթյա խողովակների միջով, որից մի կտոր մինչև օրս պահպանվել է պատի մեջ: Բաղնիքն ու շրջապատը պեղվել է 1936թ.-ին Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ, իսկ 1972թ.-ին Յու. Թամանյանի նախագծմամբ սկսվել է բաղնիքի վերականգնման աշխատանքները: Գրեթե մաբողջովին վերականգնվել է 2005թ.-ին:

 

Գաղտնուղի

Ամրոցն ունեցել է 2 գաղտնուղի՝ կառուցված X դարում: Գաղտնուղիներից մեծը սկսվել է ամրոցի ներսի հարավային մասից և հասել մինչև Ամբերդ գետը, ունեցել է 300մ երկարություն, ներսում՝ 1,5-1,8 մետր լայնություն, տեղ-տեղ էլ 2 մետր բարձրություն: Փոքր գաղտնուղին սկսվել է արևմտյան պարսպի մոտից և նույնպես հասել Ամբերդ գետը: Գաղտնուղիները կառուցելու համար փորվել է խրամատ, որի երկու կողմերում ուղղահայաց դիրքով շարվել են պատեր, իսկ վերևից ծածկել են երկար 20-40 սմ հաստությամբ սալաքարերով: Այնուհետեև ամբողջ երկարությամբ վերևից քողարկել են ժայռաբեկորներով: