ԲԱԶԱԲԵՐԴ, ԲԱԶԿԵՐՏ, ԲԱԶԻ ԱՄՐՈՑ, (ՉԱԽԱԼԱԲԵՐԴ)

ԲԱԶԱԲԵՐԴ, ԲԱԶԿԵՐՏ, ԲԱԶԻ ԱՄՐՈՑ, (ՉԱԽԱԼԱԲԵՐԴ)

Լոռու մարզ, գ. Ջիլիզա, պետ. ցուցիչ՝ 5.94.1

Բազաբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա համայնքի վարչական տարածքում: Բազաբերդ կարելի է գնալ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհով (գյուղից 2.5 կմ հարավ-արևմուտք):

Բերդի ընդհանուր տարածքն զբաղեցնում է 0.52 հա, իսկ միջնաբերդինը՝ 0.25 հա: Այն շրջապատված է եղել 10-12 մ բարձրությամբ 2-3 մ հաստությամբ պարսպով:

Պատմական ակնարկ: Բազաբերդ ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Գուգարք Աշխարհի Տաշիր-Ձորափոր գավառում, Լալվար սարի համանուն գետակից հարավ (Հայկ Նահապետի թոռ Խոռի) Խորակերտ ավանից դեպի հյուսիս-արևմուտք ձգվող բարձրադիր սարալանջի վրա` շրջապատված հին բնակավայրերի ավերակներով և խիտ անտառներով:

Հայկ Նահապետն իր երկրի տարածքը բաժանում և ժառանգություն է տալիս որդիներին ու թոռներին, որից հետո՝ անմիջապես սկսվում է Հայկազյան հարստության (Դինաստիա) շինություների կառուցապատման շրջանը: Տեղանունները ծագել են ըստ ժառանգության Գեղամից՝ Գեղարքունիք, Գառնիկից՝ Գառնի, Սիսակից՝ Սիսական, Շարայից՝ Շիրակ, Խոռից՝ Խոռակերտ, Բազից՝ Բազաբերդ, Մշակից՝ Մշկավանք (Մաժաք-Կապադովկիա, Կեսարիա) և այլն:

977թ. Բագրատունի Աշոտ Ողորմած թագավորի մահից հետո բերդը ժառանգում է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի հիմնադիր՝ Լոռու կառավարիչ Գուրգենը, այնուհետև՝ այն անցնում է Զաքարյաններին և՝ որպես հուսալի ապաստան, ծառայում իր նպատակին:

IX դարի մի շարք պատմիչների և XIII դարի պատմիչ Վարդան Արևելցու վկայությունների հիման վրա նշվում է, որ բերդը կառուցել է Հայկ Նահապետի թոռ Բազը, ըստ այլ աղբյուրների՝ այն կոչվել է նաև Բուզ:

«Լոռի Պատմության քարակերտ էջերը»
Բերդամրոցը մեզ է հասել ավերված վիճակում, համեմատաբար լավ է պահպանվել միջնաբերդը: Բերդը կառուցված է ճեղքած անդեզիտի քարերով, կապակցված կրաշաղախով (ծեփված կարերով): Պարիսպը նստած է ժայռաբեկորի վրա: Միջնաբերդի հարավային հատվածի անկյուններում ուժեղացված է մեկական ուղղանկյուն աշտարակներով, իսկ միջին մասում` 2 կոնաձև բուրգով, արտաքին պատերի վրա պահպանված են պատուհաններ ու դիտանցքեր: Բերդն ունի երկու մուտք՝ արևելյան ու արևմտյան:

Գլխավորն արևելյանն է՝ կրկնահարկ կամարով, վերին կամարը կրկնակի լայն է ստորինից և փոքր ինչ ետ ընկած. ծառայել է մուտքը պաշտպանելու համար: Միջնաբերդի (հյուսիս-արևմտյան) պարսպին կից առկա են կացարանների և օժանդակ շինությունների մնացորդներ: Միջնաբերդի սահմաններից դուրս՝ բերդի հարավային ու արևելյան հատվածներում պահպանվել են պարիսպների մնացորդներ, որոնք նույնպես ամրացված են եղել բուրգերով ու աշտարակներով:

Ս. Ջալալյանցը Ուչքիլիսա, Խոժոռնի, Խորակերտ, Խուճապ և այլ հնավայրերի հետ միասին նկարագրում է նաև Բազաբերդը, որոնք աշխարհագրական առումով գտնվել են անմիջական հարևանությամբ. «…Է դղեակ անառիկ կրաշեն՝ պատեալ մեծամեծ վիմօք և արուարձանօք՝ կառուցեալ ի կատար բլրակի միոջ… շուրջ զիւրեաւ ունի զտնատեղիս խիտ առ խիտ և զմայրիս բազումս, զառաջեաւն անցանէ գետակն Լալվարու խոխոջուն գնացինք,անկանի այս բերդ յարեևմուտս հիւսիսոյ Խոռակերտ ավանին և ոչ հեռի ի նման է …»:

Օգտագործված գրականություն
1. Գառնիկ Շախկյան, «Լոռի Պատմության քարակերտ էջերը»