ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ

ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ

2018-03-29T15:53:11+00:00 07/06/2016|Արագածոտն, Լրահոս|

2014թ. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող հանրապետական նշանակության V-VII դ. «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում ինքնակամ շինություններ են կառուցվել, որոնք ոչ միայն խաթարել են հուշարձանի տեսքը, այլև զգալի վնաս հասցրել:

Եկեղեցու պահպանական գոտու տարածքով անցկացվել է ջրագիծ, որից արտահոսած ջրերի հետևանքով պեղման գոտին վերածվել է ճահճուտի, որտեղից էլ ջուրը հոսում է դեպի եկեղեցու հիմքերը՝ խարխլելով դրանք: Եկեղեցու տարածքում գտնվող հուշարձանի բեկորներով կառուցվել է ցանկապատ, որի ընթացքում այդ բեկորները իրար են միացվել շաղախով (հետքերը պարզ երևում են): Նույն բեկորներն օգտագործվել են նաև եկեղեցի տանող արահետը խճապատելու համար, դրանցով նաև կառուցվել է խմելու ջրի ջրավազան, այստեղ ևս բեկորների միացման համար օգտագործվել է շաղախ: Այսինքն՝ ոչ միայն ապօրինի շինարարական աշխատանքներ են իրականացվել, այլև այդ ընթացքում օգտագործվել են V-VII դարերի հուշարձանի բեկորները, ինչն անընդունելի է: Կառուցվել և տեղադրվել է բետոնյա հիմքով ճաղավանդակներից պատրաստված մետաղական դուռ: Բացի այդ հուշարձանի պահպանական գոտում տեղադրվել է մետաղական կառուցվածքով տաղավար, որի նպատակային օգտագործումը հուշարձանի տարածքը վերածում է «հանգստի» գոտու՝ խաթարելով եկեղեցու պատմամշակութային արժեքը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուները բազմաթիվ անգամներ նախազգուշացրել են իրավախախտներին, հորդորել կասեցնել ապօրինի գործունեությունը և քանդել ինքնակամ շինությունները, իսկ պահպանական գոտին բերել նախկին տեսքի, սակայն, անկախ այդ զգուշացումներից, ապօրինի շինարարական աշխատանքները շարունակվել են:

Ի դեպ՝ այդ ապօրինի շինարարությանն անդրադարձել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը: 2015 թ. հուլիսին՝ պատասխանելով «Հայկական ժամ» թերթի թղթակցին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը մատնանշել է ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները և մեկ անգամ ևս փաստել, որ 2014թ. եկեղեցու տարածքում բնակիչները ապօրինություն են թույլ տվել, որի համար էլ լիազոր մարմինը դիմել է իրավապահներին՝ ապօրինությունը կանխելու համար:

Հետագայում փաստելով, որ հուշարձանի տարածքում բնակիչների կողմից իրականացվող ապօրինության կանխումը որևէ արդյունք չի տալիս՝ ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակում դիմել է իրավապահ մարմիններին: Պետական սեփականություն համարվող հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և իրավախախտների կողմից ինքնակամ կառույցները քանդելու, հուշարձանի պահպանական գոտու նախկին վիճակը վերականգնելու պահանջով: «Պահպանության ծառայություն»-ը` 2015թ. հուլիսի 27-ին հայց է հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

09.02.2016թ. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է բավարարել է ՊՈԱԿ-ի հայցը. պարտավորեցնել հայցով պատասխանողներ Ա.Թադևոսյանին և Ժ.Ալեքսանյանին՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցների անմիջական հսկողությամբ, քանդելու «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի պահպանական գոտու տարածքում իրականացված կառույցները և վերականգնելու հուշարձանի պահպանական գոտու տարածքի նախկին տեսքը՝ առանց մետաղական կառուցվածքով տաղավարի, եկեղեցու տարածքում գտնվող սրբատաշ և անկանոն քարերից կառուցված ցանկապատի, դրա հարակից խճաքարով հարդարված հրապարակի, եկեղեցի տանող խճաքարով հարդարված արահետի, բետոնյա հիմքով ճաղավանդակներից պատրաստված մետաղական դռան, ջրագիծ անցկացնելու համար փորված խրամուղու և դրանում տեղադրված ջրագծի, բետոնյա ջրավազանի, աղբյուրի, էլեկտրասյան, կոյուղագիծ անցկացնելու նպատակով փորված խրամուղու, դրանում տեղադրված կոյուղագծի:

Դատարանի վճիռը ի կատար ածելու վերաբերյալ կատարողական թերթիկը ԴԱՀԿ ծառայությունում է և դատարանի վճռին առնչվող գործողությունները ներկայում ԴԱՀԿ ծառայության իրավասության շրջանակում են և ՊՈԱԿ-ը հետամուտ է լինելու հարցի օրենքով սահմանված կարգով լուծմանը:

Հ. Գ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է՝ իր գործառությանը համապատասխան, օրենքի շրջանակներում համագործակցել համայնքների հետ՝ հուշարձանների պահպանության, տարածքների բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու գործում: Ինչը, սակայն, չի նշանակում, որ ՊՈԱԿ-ը կարող է թույլ տալ հուշարձանի և նրա պահպանական գոտու տարածքում իրականացվող ապօրինությունը: