ՍԱՆԱՀԻՆԻ ԳԱՎԻԹՆԵՐԸ

ՍԱՆԱՀԻՆԻ ԳԱՎԻԹՆԵՐԸ

2016-07-11T15:00:34+00:00 07/07/2016|Լոռի Հուշարձաններ, Լրահոս|

Սանահինի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախագավիթը համարվել է նաև համալիրի մեծ գավիթ: Այս շենքը կոչվել է նաև «դրսի գավիթ», «Աստվածածնա ժամատուն», «նախագավիթ»: Այսօր մեծ գավիթն ընդամենը մի ընդարձակ սրահ է, մինչդեռ, ժամանակին այն ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան բուն եկեղեցին: Ճարտարապետական հորինվածքով սա եզակի օրինակ է հայկական գավիթների մեջ, ամենայն հավանականությամբ, հարում է աշխարհիկ պալատական սյունազարդ դահլիճների ճարտարապետական ոճին, որոնց օրինակները, սակայն, մեզ չեն հասել: Իր գոյության ընթացքում այն նշանակալի փոփոխությունների չի ենթարկվել և վանքի համար ծառայել է որպես գլխավոր տապանատուն, որի պատճառով էլ հատակն ամբողջությամբ ծածկված է հարթ տապանաքարերով:

Հնում՝ եկեղեցու նվիրյալները, բարձրաստիճան կամ երկար տարիների սպասավորները թաղվել են հենց իրենց սպասարկած տաճարի ներսում՝ որպես խոնարհության նշան: Նպատակն այն է եղել, որ եկեղեցի մտնողն անցնելով այդ նվիրյալների տապանաքարերի վրայով՝ հոգեպես ինքնամաքրվի:

Ճարտարապետական յուրօրինակ լուծումներ ունի նաև Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը։ Թվում է սա ուղղակի նախասրահ է, որն ունեն միջնադարյան բոլոր հայկական եկեղեցիները, մինչդեռ, իրականում սա ճարտարապետական հրաշալի լուծում է, որի հպարտ կանգնած սյունազարդ կամարները կարծես նախապատրաստում են ներս մտոնղին, որ մի քիչ ավելի զգաստանա, կտրվի իրականությունից ու խորանի մոտ աղոթք մրմնջալուց առաջ հավաքի մտքերն ու ինքնամաքրվի:

Գավթի հատակը ծածկող տապանաքարից շատերի վրա գրություններ կան:

Սուրբ Ամենափրկիչում այսօր էլ կարելի է տեսնել հին հայկական եկեղեցու բոլոր հարդարանքները: Սա կարծես մեր պատմական անցյալի փոքրիկ, բայց շատ արժեքավոր վկայությունը լինի: