ԱՐՑԱԽԻ ՍՊԻՏԱԿԱԹԵՎ ՉՂՋԻԿՆԵՐԻ ՄԻԱԿ ՀԱՆԳՐՎԱՆԸ

ԱՐՑԱԽԻ ՍՊԻՏԱԿԱԹԵՎ ՉՂՋԻԿՆԵՐԻ ՄԻԱԿ ՀԱՆԳՐՎԱՆԸ

2016-10-05T14:23:13+00:00 September 14th, 2016|Լրահոս|

Արցախի պետական բնապատմական արգելոց «Հունոտի կիրճ»-ում է գտնվում Ալեքսանա Ղուզե քարանձավը կամ քարայրային համալիրը՝ Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում, Զառ գետի ձախ ափին: Այս քարանձավն ունի մոտ 50 մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ: Բնակեցված լինելով հելլենիստական դարաշրջանում ՝ Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը, քարանձավը հեթանոսական պաշտամունքի վայր է եղել: Այսօր այն Արցախում բնակվող սպիտակաթև չղջիկների միակ հանգրվանն է, որոնցից պետք է խուսափել, քանի որ մարդկանց պարբերական ներկայությունը կարող է մեծ վնաս հասցնել դրանց բազմացմանը։

Դեռևս 2011թ. ԼՂՀ զբոսաշրջության վարչության առաջարկով Ազոխի հնագիտական արշավախմբի անդամները՝ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, եղել են համալիրում: Դրանից հետո մասնագետները եկան այն եզրակացության, որ Ալեքսանա Ղուզեն, ամենայն հավանականությամբ, հազարամյակներ շարունակ մարդկանց համար որպես բնակարան է ծառայել։

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տնօրենի պաշտոնակատար Մարատ Շահրամանյանի տեղեկատվությամբ՝ հետագա ուսումնասիրությունների համար կազմավորվեց արշավախումբ, որի ղեկավար կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանի (նաև Ազոխի քարանձավի արշավախմբի ղեկավար) գլխավորությամբ երկու տարի առաջ հնագետներն ավելի լայն հետազոտություններ են սկսել: Այս տարի պեղումները լայնածավալ բնույթ են կրել և իրականացվել են հայ-լեհական արշավախմբի հետ համատեղ: Կատարված աշխատանքների արդյունքում հնագետները կարծում են, որ քարանձավում մշակութային շերտը 4,5 մետր խորություն ունի: Ներկայումս պեղված է 2 մետրը, մանրամասն հետազոտված է կես մետրը: Ըստ մարդաբան-գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանի նախնական եզրակացության՝ մշակութային շերտը ժամանակագրական առումով շուրջ 50 հազար տարեկան է, ինչն էլ քարանձավային համալիրն ավելի գրավիչ է դարձնում հետազոտողների համար: Արշավախումբն ապագայում կհամալրվի նոր մասնագետներով, որպեսզի կատարվեն համապարփակ ուսումնասիրություններ։ Դրանք հնարավորություն կտան վերականգնել քարանձավային համալիրի բնակիչների կենցաղին վերաբերող մանրամասներ, որոշակիացնել տարածքի բնապատկերը այդ ժամանակաշրջանում ինչո՞վ են զբաղվել տվյալ տեղանքի բնակիչները, ի՞նչ կենդանիներ են եղել, ի՞նչ բույսեր աճել:

Շոգ ամռանը քարանձավի ներսում ջերմաստիճանը 10 աստիճանից փոքր-ինչ բարձր է, իսկ ձմռանը մնում է դրական։ Այդ պայմանները թույլ են տվել, որ հազարամյակներ առաջ մարդն այստեղ ապաստանի, գոյատևի, ուշագրավ են բնակավայից մնացած հետքերն ու ԴՆԹ-ի պահպանումը: Այն անխաթար պահպանելու նպատակով էլ պեղումների ժամանակ մասնագետներն աշխատել են արտահագուստով, դիմակներով։ Ալեքսանա Ղուզե քարանձավում հայտնաբերվել են օբսիդիանե գործիքներ, իսկ օբսիդիանի ամենամոտ հանքը քարանձավից 30-40 կմ հեռավորության վրա է:

Ալեքսանա Ղուզե հնավայրով հետաքրքրվում են նաև արտասահմանի գիտահետազոտական կենտրոնները։ Ուսումնասիրություններին նոր ընթացք տալու համար վերջերս Արցախ են այցելել Լեհաստանի գիտությունների ակադեմիայից Սլավոմիր Կոզելը և Վրոցլավի համալսարանի պրոֆեսոր, մարդաբան Քշիշտոֆ Շոստեկը: Նրանք մտադիր են հաջորդ տարի քարանձավում ավելի ընդլայնել աշխատանքները։

Ըստ Սլավոմիր Կոզելի սա նոր հուշարձան է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար: Քշիշտոֆ Շոստեկն իր հերթին գտնում է, որ հայտնաբերվելիք նյութը հնարվորություն կտա գտնել կենդանիների և մարդու միգրացիայի հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ: Հետագա աշխատանքների համար նախատեսվում է 2017 թվականին կատարել ավելի լայնածավալ պեղումներ։ «Մեր համալսարանը մտադիր է ֆինանսական միջոցներ հայթայթել և նոր մասնագետներ ընդգրկել, ինչը թույլ կտա ավելի համակարգված և հիմնավոր ուսումնասիրել այս քարանձավից գտնված նյութերը»,- կարծում է Քշիշտոֆ Շոստեկը: Օգոստոսի վերջին արշավախումբն ավարտել է աշխատանքները: Մասնագետները նախատեսում են պեղավայր վերադառնալ հոկտեմբերին՝ քարանձավի, հնեաբանական խորշի ստույգ տեղորոշման, կոորդինատների ճշգրտման համար: