ԱՅԳԵՇԱՏ (ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ) ԵԿԵՂԵՑԻ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ (ՊԵՏ.ՑՈՒՑԱԿ N4.11/3, 7-ՐԴ Դ.), ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ՊԵՏ.ՑՈՒՑԱԿ N4.11/2, 19-ՐԴ Դ.)

ԱՅԳԵՇԱՏ (ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ) ԵԿԵՂԵՑԻ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ (ՊԵՏ.ՑՈՒՑԱԿ N4.11/3, 7-ՐԴ Դ.), ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ՊԵՏ.ՑՈՒՑԱԿ N4.11/2, 19-ՐԴ Դ.)

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է:
Գտնվելով Արարատյան դաշտավայրի կենտրոնական հատվածում՝ բնակավայրն իր բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել: Այդ ամենի մասին են վկայում նաև պահպանված բազմաթիվ պատմահնագիտական և պատմաճարտարապետական հուշարձանները: Այգեշատի տարածքում են գտնվում մ.թ.ա. II-I հազարամյակների բնակատեղին և դամբարանադաշտը, ինչպես նաև «Արդար Դավիթ» կոչվող աշտարակը: Առկա է նաև գերեզմանատուն (X- XVIII դդ. ) և XIX դարում կառուցված պարսպի հատված:

Սբ. Աստվածածին եկեղեցին (VII դ.), որին Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը Թարգմանչաց վանք անունն է տվել, նմանացվել է VII դարում կառուցված Արամուսի նույնանուն վանքին: Եկեղեցին եղել է գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Տեղացիները եկեղեցին կապելով հայ գրի և գրականության սկզբնավորող Մ. Մաշտոցի անվան հետ, այն կոչել են Մեսրոպավանք: Եկեղեցին ունի պարագծային աստիճանավոր պատվանդան։ Անկյունային քառակուսի սենյակները ծածկված են եղել գլանային թաղով։ Անցումը գմբեթային քառակուսուց գմբեթին (ունեցել է գուրտեր և ներքուստ գլանային, արտաքուստ ութանիստ թմբուկ) իրականացվել է տրոմպերի միջոցով։ Ունեցել է երկու մուտք` արևմուտքից և հարավից: Եկեղեցու ճակատն առանձնացել է իր քանդակազարդ պսակավոր լուսամուտներով ու մշակված քիվերով և, միաժամանակ, ունեցել է «հայկական խորշեր»։ Եկեղեցու ինքնատիպ ճարտարապետական լուծումների շնորհիվ է, որ փլվելուց հետո անգամ, միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ իր վրա կրել է թմբուկի մի մասը:

Օգտագործված գրականություն
1. Միքայելյան Վ., Արմավիրի մարզ պատմամշակութային ակնարկ, Երևան 2010: