ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻՆ

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻՆ

2017-02-06T14:17:25+00:00 21/11/2016|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի այս տարվա վերջին նիստում, որը վարել է ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը քննարկվել ու համապատասխան որոշումներ է կայացվել օրակարգում ընդգրկված 8 հարցի վերաբերյալ: Հավանության է արժանացել Թ. Թորամանյան, «Անիի միջնաբերդի հուշարձանները» պրակ V-ի, Արարատի ու Վայոց ձորի մարզերի պատմամշակութային հուշարձանների քարտեզները հրատարակության երաշխավորելու հարցը: Խորհրդի անդամները համակարծիք էին, որ լուրջ գիտական աշխատանք է իրականացվել և պետք է այն հրատարակել:

Քննարկվել ու հաստատվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի վերահսկողական էքսկուրսիոն տեքստերի հաստատման, «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի բուկլետի, ինչպես նաև «Ամբերդ» գիտահանրամատչելի պատմաճանաչողական տեղեկատուի հրատարակության երաշխավորելու հարցերը: Պատմաճանաչողական տեղեկատուն նվիրվում է Ամբերդի պեղումների 80 ամյակին: Հրատարակությամբ փորձ է արվում ներկայացնել միջնադարյան ամրոցն ու շրջակա բնաշխարհը: Մատենագիտական հարուստ տվյալների հիման վրա փորձ է արվել համակողմանի լուսաբանել պատմահնագիտական հուշարձանի դերն ու նշանակությունը միջնադարյան հայ իրականության մեջ: Հրատարակությունը նախատեսված է ընթերցասեր հանրության լայն շրջանակի համար: Գիտամեթոդական խորհրդի անդամ Արմեն Աբգարյանի փոխանցմամբ այն յուրօրինակ այցետոմս կլինի, քանի որ հեռանկարում է Ամբերդին թանգարանի կարգավիճակ տալու հարցը:

Օրակարգի մեկ այլ հարց էլ առնչվում էր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գորգերի և կարպետների հավաքածուի կատալոգ»-ը հրատարակության երաշխավորելուն: ՀՀ մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանի հեղինակած կատալոգը Հայկական լեռնաշխարհի ու Արևելքի երկրների պատմամշակութային ժառանգության համակարգերում կարևոր տեղ զբաղեցրած գորգագործական մշակույթի /տեղեկությունները վերաբերում են Քա. V-IV հազարամյակներին/ մասին է:

Հավանության է արժանացել նաև գիտամեթոդական խորհրդի անդամ Արմեն Աբգարյանի հեղինակած «Հայ-ռուսական հարաբերությունների և հայկական հարցի պատմության լուսաբանումը 1880-1890 թթ. հայ պատմագրության մեջ» աշխատությունը հրատարակության երաշխավորելու հարցը:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների վերանորոգման և վերականգանման անհրաժեշտությանը ՊՈԱԿ-ի տնօրինությունը բազմիցս է անդրադարձել: ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը գիտամեթոդական խորհրդի անդամներին զեկուցեց, որ խնդրի հրատապությունից ելնելով համապատասխան գործընթաց է սկսվել` մրցույթ է հայտարարվել ու հաղթող ճանաչված կազմակերպությունը ներկայացրել է նախագծի էսքիզ-առաջարկություն, որն էլ ուղարկվել է լիազոր մարմին` համաձայնեցման: