ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՔՐԱՎԱՆՔ

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՔՐԱՎԱՆՔ

Պետ.ցուցիչ` 6.1.59, Կոտայքի մարզ:

Մաքրավանքի վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում, Մաքրավան թաղամասում, բլրակի զառիթափ լանջին: Հուշարձանի վաղ շրջանի կառույցները վերագրվում են X-XVII դդ.: Համալիրի հիմնական կառույցները ժամանակագրական առումով ընդգրկում են X-XIII դարերը: Իր ինքնատիպությամբ հատկապես առանձնանում է միանավ սրահով ս. Ամենափրկիչ եկեղեցին (X դար) /պետ. ցուցիչ` 6.1.59.1/: Մաքրավանքը կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցու օրոք: Նրան են վերագրել նաև վանական համալիրի եկեղեցու նախագծի կազմումը: Եկեղեցու վիմագիր արձանագրություններից տեղեկանում ենք, որ նրա տեղում նախկինում եղած մատուռը կառուցվել է Գրիգոր Համզե Պահլավունու և նրա տիկնոջ` Շուշանիկի պատվերով: Հետագայում նրանց հաջորդած Պահլավունիները ընդլայնել և վերակառուցել են համալիրը:

Այժմ վանական համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից:

Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին: Սբ. Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով: Թմբուկը կլորավուն է, գմբեթը՝ լայնանիստ: Արևելյան կողմից եկեղեցին շրջապատված է միջնադարյան զարդանախշ խաչքարերով: Արևմտյան կողմում գտնվում է գավիթը /պետ. ցուցիչ 6.1.59.3/, որը մասամբ է պահպանվել: Որոշ հետազոտողների կարծիքով գավթի տեղում եղել է հեթանոսական մեհյան և այստեղ է գտնվել Միհրի արձանը, դրա մասին են վկայում տարածքում գտնվող տարբեր քարաբեկորները:

Մյուս եկեղեցին՝ Սբ. Կաթողիկեն /պետ. ցուցիչ 6.1.59.2/, կառուցվել է XIII դարի առաջին տասնամյակում: Այն նույնպես կենտրոնագմբեթ է և հատկապես աչքի է ընկնում զարդանախշ որմնաքանդակներով և արձանագրություններով:

Ընդհանուր առմամբ վանական համալիրի տարածքում հաշվվում են շուրջ 38 անվանակիր և օծված խաչքարեր, կան նաև բազմաթիվ տապանաքարեր:

Սբ. Կաթողիկե եկեղեցին կառուցվել է Գագիկ Շահնշահ Բագրատունու և նրա որդի Սմբատ իշխանի միջոցներով: Այն երկար տարիներ եղել է Բագրատունյաց Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկը: Վանական համալիրի տարածքում եղած և մեկը մյուսին չկրկնող խաչքարերից 14-ը քանդակվել են 1240-1265թթ. ընթացքում, հավանաբար միևնույն վարպետի կողմից: Իսկ մյուսները քանդակվել են X-XIII դդ. և իրենց վրա կրում են տարբեր վարպետների կնիքներ:

Օգտագործված գրականություն

1. Հարությունյան Զ., Ախտա, 2012թ.
ՊՄՊ մարզային ծառայության տեղազննություններ, ուսումնասիրություններ և դիտարկումներ