ԳԻՇԻ.
Իր հնավայրերով, հնադարյան բրուտանոցներով, թմբային, կարասային, քարարկղային, դագաղային (սարկոֆագային) թաղումներով, դամբարաններով է հայտնի Գիշին` Վարանդայի նշանավոր գյուղը: Այն գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում` շրջկենտրոնից 11 կմ արևմուտք, 650 մետր բարձրության վրա:
Գիշին առավել հայտնի է պատմական մեծ արժեք ներկայացնող Ղլեն խութ բերդատեղիով, որը գտնվում է Գիշի, Մուշկապատ և Ճարտար գյուղերի արանքում` բարձր լեռան կատարին: Մի կողմից այն շրջափակված է եղել ամուր պարիսպներով, իսկ հարավից և արևմուտքից`անանցանելի ժայռերով:
Պահպանվել են հնագույն բերդի քարե հաստ պատերի հետքերը, տեղ-տեղ նաև աշխարհիկ շինությունների մնացորդները: Հավանաբար այստեղ եղել է նաև խեցեգործական արհեստանոց: Դրա մասին են վկայում բերդի շրջապատում գտնված ջնարակված խեցեղենի մնացորդները, աղյուսի կտորները և կավե անավարտ իրերը: Հնագիտական տեսակետից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Ղլեն խութից քիչ ներքև գտնվող հնադարյան քարանձավները, որոնք մտել են ամրոցի պաշտպանական համակարգի մեջ:
Գիշիի միջնակարգ դպրոցի թանգարանում պահպանվում է տեղի բնակչության զբաղվածության մասին վկայող հարուստ հավաքածու` Ղլեն-խութ, Բըբըհաջ, Կալին խութ, Խոտահատ, Ուզումի հնավայրերից հայտնաբերված կարասներ, թրծած թուխ գույնի կճուճներ, գծանախշերով սափորներ, ճենապակյա ափսեներ, զանազան ձևի ուլունքներ, խաղողի քարացած սերմեր, կորեկի, ցորենի հատիկներ:
Գիշի-Մարտունի հատվածում հայտնաբերված դամբարանների, գերեզմանատների ուսումնասիրությունը և համեմատումը նախկինում հայտնաբերված և լավ ուսումնասիրված նմանօրինակ նյութերի հետ ակնհայտ է դարձնում դրանց նմանությունը Աղջկաբերդ-Առաջաձոր-Գետաբեկի հուշարձաններին, որոնք տարածված են Փոքր Կովկասում և Սևանա լճի ավազանում:
ՄԵԾ ՆԱՀԱՏԱԿ
Մարտունու շրջանի պատմական մեծ արժեք ներկայացնող մյուս համալիրը 17-րդ դարում կառուցված Մեծ նահատակ եկեղեցին է: Այն միանավ բազիլիկ է` կառուցված համանուն բարձր լեռան գագաթին և գտնվում է Ղզղալա, Աշան և Նորշեն գյուղերի սահմանագծում` հավասարապես համարվելով նաև այդ գյուղերի հուշարձանը:
Կիսամշակ քարերով շարված եկեղեցին` իր բարձր, առանձնացված դիրքով, շատ հեռվից է նկատելի դառնում: Կառուցման տեխնիկայի շնորհիվ Մեծ նահատակը համարվում է իր դարաշրջանի հաջողված հուշարձաններից մեկը: Այն ներքուստ ունի պայտաձև կառուցվածք: Եկեղեցու արևմտյան մուտքի հատվածում տեղակայված են արձանագիր քարեր և խաչքար: Ընդհանուր գերեզմանատունը տարածվում է սրբավայրի շուրջը, եկեղեցու ներսում է գտնվում «նահատակի» անտապանագիր գերեզմանը: Համալիրի մոտ պահպանվել են նաև խցերի ավերակներ: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղ ժամանակին եղել է կրոնական «փոքր միաբանություն»:
Եկեղեցու պատերին պահպանվել են արձանագրություններ, որոնցից մեկը` արևմտյան պատի մուտքի վերնամասում զետեղված շինարարական արձանագրությունը, հետևյալն է. «Ես Ղզղալեցի Ղարայխանս շինեցի եկեղեցիս. հայրն իմ Ամիրխան և մայրն իմ Մաիրասն և եղբայրն իմ Սարուխան, Պաղի, Բաբասի և կողայգիցն իմ Փերին և որդին իմ Սարքիս. Թվին: ՌՃԻԵ: Էր» (1676): Արձանագրություններ կան նաև արևմտյան մուտքի բարավորի, հյուսիսային պատի մեջ ագուցված փոքր խաչքարերի վրա:
Մեծ նահատակ եկեղեցու մոտ է գտնվում Վարդապետի տափ կոչվող արոտավայրը, որն այսպես են անվանել տեղացիները: Եկեղեցուց քիչ ներքև ընկած սարալանջի վրա կա մի դարավոր ծառ, որի արմատներից մեկը հողից դուրս այնքան է բարձրացել, որ նրա տակով կարելի է անցնել: Այս անցքը` ըստ ավանդության, ծառայել է որպես «բուժիչ վայր»` հատկապես հազի դեմ: Այդ պատճառով էլ այն անվանել են «ըխտըլ ծառ», այսինքն` հազը բուժող ծառ: