ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ

ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ

2017-03-28T15:20:51+00:00 22/03/2017|Լրահոս|

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին է ներկայացրել ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Թարվերդյանին:

«Նորանշանակ տնօրենը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Համոզված եմ, որ լավ ղեկավար կլինի և կկարողանա իրագործել ՊՈԱԿ-ի առջև դրված խնդիրները», -իր խոսքում ասաց նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի տեղակալ Արև Սամուելյանը աշխատանքային բարի երթ մաղթելով տնօրենին, ներկայացրեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքը, գործառույթները, շեշտեց, որ այն նախարարության լրջագույն ստորաբաժանումներից է: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ պարոն Թարվերդյանը կունենա իր և նախարարության մյուս կառույցների աջակությունն` ի նպաստ գործի:

Նորանշանակ տնօրեն Արա Թարվերդյանն իր հերթին ասաց, որ ծանոթ է ՊՈԱԿ-ի աշխատանքներին և գիտակցում է ստանձնած պատասխանատվությունը:

«Գիտեմ, որ վարչական ու գիտական մեծ փորձ ունեցող մարդիկ են աշխատում ՊՈԱԿ-ում: Խորին հարգանք եմ տածում վերջիններիս հանդեպ և ուզում եմ հավաստիացնել, որ ուշադրությունս սևեռելու եմ գիտական պոտենցիալի զարգացմանը», -ասաց Արա Թարվերդյանը:

Նրա խոսքով, հասարակության հայացքն ուղղված է այս կառույցին, քանի որ հենց ՊՈԱԿ-ն է կոչված իրականացնելու պատմամշակութային ժառանգության պահպանությունը:

Արա Թարվերդյանը վստահեցրեց, որ ՊՈԱԿ-ը առավելագույն պատասխանատվությամբ կվերաբերվի ՀՀ մշակույթի նախարարի ցանկացած հանձնարարականի: