ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԱՆԻԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» ԳՐՔԻ 4-ՐԴ ՊՐԱԿԸ

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԱՆԻԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» ԳՐՔԻ 4-ՐԴ ՊՐԱԿԸ

2018-03-29T15:59:54+00:00 12/04/2017|Սյունիք, Լրահոս|

Անտեսել հայ աշխարհի մեջ համատարած անխնամ ցրված այս անթիվ հարստությունները և անհոգությամբ թողուլ, որ ոչնչության բաժին դառնան, կնշանակե կամ ուրանալ պատմության կարևորությունը և կամ անզգա լինել:

Թորոս Թորամանյան

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրատարակել է հայ ճարտարապետության նվիրյալ Թորոս Թորամանյանի «Անիի միջնաբերդի հուշարձանները» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրքի 4-րդ պրակը, որը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի անձնական արխիվի զգալի մասը պահվում է ՊՈԱԿ-ում: Եկեղեցական և մշակութային գործիչ, երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ջանքերով այն 1999 թվականին դարձել է պետական սեփականություն:

Ընթերցողի դատին հանձվող պրակը «Հայկական պատմամշակութային վավերագրեր» մատենաշարի հինգերորդ հրապարակումն է: Պրակը ներկայացնում է Անի պատմական մայրաքաղաքի միջնաբերդի հուշարձանների` Թ. Թորամանյանի կատարած չափագրությունների պահպանված մասը` 23 թերթ (հիմնականում սևագրեր): Դրանցից 17-ը տպագրվում են առաջին անգամ: Թ. Թորամանյանը, հավանաբար, հուշարձանների չափագրություններն արել է 1907-1908 թթ., երբ Պետերբուրգյան Կայսերական հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Անիի միջնաբերդում:

Գրքում զետեղված են Հովհաննես Քյուրքչյանի, Արամ Վրույրի, Թորոս Թորամանյանի և Նիկողայոս Բունիաթյանի (Բունիաթով) 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին կատարած միջնաբերդի հուշարձանները պատկերող լուսանկարները:

Պրակը կարելի է ձեռք բերել մայրաքաղաքի գրախանութներում, նաև` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: