ՊՈԱԿ-Ի ՀՆԱՄԱՐԴԱԲԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱԶԱՆՈՒՄ

ՊՈԱԿ-Ի ՀՆԱՄԱՐԴԱԲԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱԶԱՆՈՒՄ

2017-06-08T11:41:54+00:00 05/06/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի առաջատար գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը ՌԴ Կազան քաղաքի Թաթարստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի հրավերով օրերս մասնակցել է «Ալեքսեևյան VII ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

Գիտաժողովին ներկայացվել է 57 զեկույց՝ որոնք վերաբերել են ՌԴ գիտությունների ակադեմիայի և այլ գիտական հաստատությունների, Հունգարիայի, Բուլղարիայի, Հայաստանի գիտնականների մարդաբանության ոլորտում վերջին տարիների ընթացքում կատարած գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքներին:

Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը հանդես է եկել «Էթիունի երկրի բնակչության հիվանդությունները և առողջությունը» թեմայով զեկույցով։ Նա անդրադարձել է Սևանի ավազանի վաղերկաթեդարյան (մ.թ.ա. XI-IX դդ.) դամբարաններից հայտնաբերված մարդաբանական նյութերի ատամնաախտաբանական վիճակի սեփական վերլուծությանը՝ համեմատելով նաև Հոռոմի դամբարանադաշտից և Արարատյան դաշտավայրից հայտնաբերված մարդաբանական նյութերը։

Կազան կատարած այցի վերաբերյալ Հասմիկ Սիմոնյանի հաշվետվությունը լսել են ՊՈԱԿ-ի տնօրենությունը և աշխատակիցները։ Հաշվետվությանը հաջորդել են մասնագիտական հարցեր։ Հասմիկ Սիմոնյանը նշել է, որ այցը բավականին օգտակար էր գործընկերների հետ փորձի փոխանակման առումով։ Իսկ Մոսկվայի մարդաբանության ինստիտուտում հնամարդաբանը հնարավորություն է ունեցել ծանոթանալ նաև Հայաստանի տարածքից տեղափոխված մարդաբանական նյութին:

ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի հավաստմամբ Հասմիկ Սիմոնյանի ներկայացրած այդ վերլուծությունները հետագայում հրաշալի հնարավորություն կստեղծեն մարդաբանական նյութերի հիման վրա կատարելու սոցիալական վերակազմություններ։
Հաշվետվության ավարտին Հասմիկ Սիմոնյանն ավելացրել է, որ մտադիր է օտարերկրացի գործընկերների հետ գործակցությունը շարունակել՝ հետագա ուսումնասիրությունների և փորձի փոխանակման նպատակով։