ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

2012-07-02T16:18:49+00:00 02/07/2012|Լրահոս|

Հունիսի 24-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահում, նորոգումից հետո, առաջին ցուցահանդեսի բացումն էր։ Այն նվիրված էր անվանի ճարտարապետ Տիրան Մարությանի ծննդյան 100-ամյակին։ Ճարտարապետը ծնվել է 1911 թ. նոյեմբերի 24-ին Ղարաքիլիսայի մերձակա Ղշլաղ գյուղում։ Սկզբում ապրել է Թիֆլիսում, ապա հայրենի գյուղում։ 1920-1923 թթ. Մարությանը գտնվել է Ղարաքիլիսայի, ապա Ջալալօղլու / այժմ` Ստեփանավան/ որբանոցում։ Տեղի մանկավարժական 9-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Երեւանի շինարարական ինստիտուտի ճարտարապետական բաժնում։
Տիրան Մարությանն իր ուրույն ավանդն ունի հայկական ճարտարապետության մեջ։ Անգնահատելի է նրա դերը «Զվարթնոց»-ի ուսումնասիրության ոլորտում կատարված աշխատանքներում։
«Զվարթնոց» թանգարանում բացված ցուցահանդեսին ներկայացված էին բնօրինակներ Մարությանի ընտանեկան արխիվից. նամակներ, պատմամշակութային այլ կառույցներին վերաբերող գծագրեր, մենագրություններ, մատենագիտություն, հոդվածներ։

Այցելուների դատին էր հանձնված նաեւ նրա նամակներն՝ ուղղված այն տարիների բարձրաստիճան ղեվարաներին եւ վերաբերում էին պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների վերականգնմանը։
Ճարտարապետի որդու Հարություն Մարությանի խոսքով, հայրը ցավ էր ապրում երբ իր բազմաթիվ դիմումներն անպատասխան էին մնում։ Ցուցահանդեսի բացման արարողությանն ասված խոսքում ճարտարապետի որդին հիշեց մի դրվագ, երբ 1989 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Վեհափառի մոտ կազմակերպված քննարկման ընթացքում հավանության է արժանանում Մարությանի առաջարկը, որ Երեիանի մայր տաճարը նման լինի «Զվարթնոց»-ին։ Տ.Մարությանին նույնիսկ առաջարկվում է ներկայացնել գծապատկերը՝ երեք անգամ մեծ ծավալով։ Սակայն, ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Հարություն Մարությանը նկատում է, որ Տիրան Մարությանն իր աշխատանքային գործունեության հիսուն տարիների ընթացքում անդրադարձել է «Զվարթնոց»-ին։ Նա տաճարի վերականգնման թորամանյական տեսության կողմնակից էր ու ջատագով։ Ցուցասրահում ներկայացված էր նաեւ «Զվարթնոց» տաճարի 1960-1963 թթ. արված գծագրերի բնօրինակները։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայության» տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի գնահատմամբ էլ, Մարությանը հսկայական ժառանգությունը է թողել սերունդներին ու կյանքի 96 տարիների ընթացքում նա ճարտարապետության ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ է արձանագրել։
Ի դեպ, ներդրած անգնահատելի ավանդի համար ժամանակին նա արժանացել է մի շարք պարգեւների, այդ թվում նաեւ՝ Ալ. Թամանյանի անվան «Ոսկե մեդալ»-ի։ Ցուցահանդեսը կգործի շուրջ երեք ամիս։