ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայությունը և մարզի տարածաշրջանային պետական քոլեջը համատեղ անցկացրել են «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա միջոցառումների շարք:
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են դասընթացներ քոլեջում և Թանահատի վանական համալիրում, ինչպես նաև գործնական աշխատանքներ` միտված Վայոց ձորի պատմամշակութային հուշարձանների մասին մասնակիցների գիտելիքների հարստացմանը:
Ծրագրում ընդգրկվել են քոլեջի 20 ուսանողներ: Միջոցառմանը մասնակցել են ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները` ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի գլխավորությամբ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, քոլեջի դասախոսներ և այլք:
Մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը մասնակիցներին նախ ծանոթացրել է հուշարձանների պահպանությունն իրականացնող կառույցներին, այդ բնագավառում գոյություն ունեցող առանձնահատկություններին ու խնդիրներին, այնուհետև ուղղվել են դեպի Թանահատի վանական համալիր։ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն իր խոսքում հորդորել է ավելի հոգատար լինել հայկական մշակութային արժեքների, հուշարձանների հանդեպ, որոնք ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից և պարտավոր ենք անխաթար փոխանցել սերունդներին։
ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանն ակտիվ մասնակցության համար նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին, ապա` ուրախությամբ նկատել, որ ուսանողների մի մասը, առաջին անգամ լինելով հուշարձանի տարածքում, այնուամենայնիվ, իրենց այդ մշակույթի կրողն են զգում և պարտավորված՝ պահելու, պահպանելու այն: Նա ներկաներին հիշեցրել է, որ հուշարձանի պեղումների շնորհիվ է ստեղծվել Աշոտ Աբրահամյանի «Գլաձորի համալսարան» գիրքը: Իսկ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը նկատել է, որ զբոսաշրջության զարգացման համար նախ պետք է անխաթար պահպանել հուշարձանները, հետո միայն մտածել դրանք ճանաչելի դարձնելու ուղիների մասին։
Այնուհետև «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Բարիս Քոչարյանը ներկաներին ծանոթացրել է Գլաձորի համալսարանի պատմությանը։ Պատմական ակնարկին հաջորդել են Թանահատի վանական համալիրի տարածքում իրականացված սանիտարական մաքրման աշխատանքները։
Միջոցառման հաջորդ օրը մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանն անցկացրել է զրույց՝ «Հուշարձանների պահպանությունը և զբոսաշրջության զարգացումը» թեմայով: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն ուսանելու մարզի հուշարձանների քարտեզից օգտվելու հմտություններ, այլև յուրաքանչյուրն առանձին-առանձին ներկայացրել է զբոսաշրջության երթուղիների մշակման իր տարբերակը։
Ծրագրի երրորդ օրը քոլեջում մասնակիցների համար կազմակերպվել է «Ի՞նչ գիտեմ Վայոց ձորի հուշարձանների մասին» թեմայով մրցույթ, որի ընթացքում մասնակիցներն աչքի են ընկել հուշարձանների մասին հարուստ գիտելիքներով։ Հաշվի առնելով համատարած ակտիվությունը`կազմակերպիչները որոշել են չառանձնացնել հաղթողներին ու պարտվողներին։
Եռօրյա միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներն արժանացել են ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության շնորհակալագրերին: