ԳԱՌՆԻԻ ԿԱՄՈՒՐՋԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱՇՆԱՆԸ

ԳԱՌՆԻԻ ԿԱՄՈՒՐՋԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱՇՆԱՆԸ

2018-03-29T15:57:44+00:00 11/08/2012|Կոտայք, Լրահոս|

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 2-ից եւ առաջին փուլը կավարտվի օգոստոսի 15-ին։

Շինարարական ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի նախանշված ժամկետից՝ նոյեմբերից էլ շուտ։ Պատմամշակութային այս եզակի հուշարձանը վերանորոգելու հիմքը դրվել է նախորդ տարի սեպտեմբերին՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրված «Դեսպանների մշակութային արժեքների պահպանման» հուշագրով։ Ամերիկյան հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 110 հազար ԱՄՆ դոլար։ Աշխատանքների պատվիրատուն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայության» ՊՈԱԿ-ն է, իսկ մրցույթով ընտրված կապալառուն «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները եղել են Գառնիում, տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
«Կամրջի վերականգնումը կարող է վերածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքներում գտնվող նշանավոր հուշարձանային համալիրների կապակցման արդյունավետ եղանակի՝ պահպանելով հուշակոթողը և այն օգտագործելով կրթամշակութային, զբոսաշրջային նպատակներով։ Կամրջի վերականգնումը կարող է նաեւ խթան հանդիսանալ համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացման համար», – նշել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի մշակույթի
հարցերով կցորդ Շոն Օ’Հարայի համոզմամբ, Հայաստանն օրհնված երկիր է, քանի որ մեծ թվով պատմամշակութային արժեքներ ունի, որոնք պետք է պահպանվեն։ «800 տարի գոյություն ունեցող հուշարձանը, կարծում եմ, առնվազն 800 տարի էլ կանգուն կլինի։ Այս հուշարձանը մի կողմից կամուրջ է Հայաստանի ու Միացյալ Նահանգների, մյուս կողմից՝ Հայաստանի անցյալ ու ապագայի միջեւ»- նշել է Շոն Օ’Հարան։ Դեսպանատան ներկայացուցիչն աշխատանքների այս փուլի ընթացքը գոհացնող է համարել:

Կամուրջը կվերականգնվի նույն գույնի տուֆով, ինչպիսին ունեցել է կամարն ու թառը։ Ճարտարապետ, նախագծի հեղինակ Ռազմիկ Դավթյանի համոզմամբ, այն ամուր կլինի ու դեռ երկար կծառայի մարդկանց։
Առաջին փուլի աշխատանքներն ընթանում են նորմալ, առանց որեւէ խոչընդոտների։ Ընթացքին ուշի ուշով հետեւում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունը։ Թերություններ ու բացթողումներ չեն եղել. աշխատանքներն իրականացվում են որակով եւ ըստ նախագծի:

Ազատ գետի վրա կառուցված կամուրջը Գառնի գյուղը կապում է գետի ձախ ափին գտնվող Հավուց Թառ և այլ նշանավոր վանական համալիրների և հուշարձանների հետ: Կառուցված է կրաշաղախով կապակցված բազալտով, իսկ թաղը և ճակատային որմնակամարները` կարմիր և սև սրբատաշ տուֆե շարվածքով: Կամուրջը նախկինում մի քանի անգամ վերանորոգվել է XVII-XVIII դարերի ընթացքում, իսկ 2009թ. պետբյուջեից հատկացված միջոցներով սրբատաշ տուֆ քարով երեսպատվել և արդեն մասնակի վերանորոգվել է կամրջի մի մասը, որը, սակայն, վթարային վիճակում է հայտնվել:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը, հիմնվելով ձեռքբերումների վրա` 2011թ. Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) «Մելինա Մերկուրիի միջազգային մրցանակը», Գառնիի կամուրջի վերականգնման ԱՄՆ «Դեսպանների մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի դրամաշնորհը, հետևողական է լինելու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և նրան հարակից բնապատկերի հետագա արժևորման, պահպանության, բարեկանգնման և հանրահռչակման գործընթացում:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ներդրումային ծրագրերի ներգրավման հաջորդ նախագիծը Գառնիի ձորի` «Քարերի սիմֆոնիա» կոչվող բնական հուշարձանի գիշերային լուսավորությունն է, որը կիրականացվի համապատասխան դրամաշնորհային ծրագրի կամ այլ մասնավոր ներդրումների առկայության դեպքում: