«ԱՈՒԴԻՈԳԻԴ»-Ը ԱՅՑԵԼՈՒԻՆ ԿՊԱՏՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ

«ԱՈՒԴԻՈԳԻԴ»-Ը ԱՅՑԵԼՈՒԻՆ ԿՊԱՏՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ

2017-11-03T17:48:14+00:00 03/11/2017|Լրահոս|

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին` ազատ տնտեսական գոտում: «Թի-Էս-Դի»-ն ծրագրեր է իրականացնում տարբեր, այդ թվում  նաև` կրթական ու մշակութային ոլորտներում:  Ընկերության պատասխանատուներն այսօր հյուրընկալվել էին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Կազմակերպության տնօրենի տեղակալ Լևոն Գալստյանը, ներկայացնելով իրենց  գործունեությունը, նշել է, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը կրթական հանրամատչելի  ծրագրեր է իրականացնում   դպրոցականների  համար: Մինչ օրս նկարահանվել  ու դպրոցականներին է ներկայացվել  երեք ֆիլմ,  որոնցից  մեկն` աստղագիտության մասին:

Կազմակերպությունը համագործակցության նոր եզրեր է ուրվագծում հուշարձանների պահպանության ոլորտում: ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ հանդիպմանը  քննարկվել են ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում և արգելոցներում «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելված  ներդնելու  հարցը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ն այս բնագավառում աշխատանքի փորձ ունի. համակարգն արդեն ներդրվել է հայաստանյան մի քանի թանգարաններում:

Լ. Գալստյանի խոսքով  կարելի է ստեղծել  որևէ հուշարձանի մասին  պատմող  մինչև 22  րոպե տևողությամբ  ֆիլմ: Այն կարող է ներկայացվել նաև 3 D տարբերակով: Ավելի  քան 20  ցուցանմուշների  միջոցով  այցելուին բովանդակալից տեղեկատվություն կտրվի թանգարանի մասին` ապահովելով հետաքրքիր էքսկուրսիա հուշարձանի տարածքում: Ընդ որում հայերենից բացի, նաև տասը այլ լեզուներով` անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն և այլն:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է մի որևէ հուշարձանի տարածքում դպրոցականների համար համատեղ փորձնական  ծրագիր  իրականացնել, որի ընթացքում կցուցադրվի նաև կազմակերպության` աստղագիտության մասին պատրաստած ֆիլմը: ՊՈԱԿ-ի տնօրենը նաև նշել է, որ հուշարձանները ներկայացնող տեքստերը մշակվեն ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ:

Հետագա գործակցության հիմնական ուղղությունները նախանշելու համար առաջիկայում կողմերը հուշագիր կստորագրեն: