ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ԺԱՅՌԱՓՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ԺԱՅՌԱՓՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

2018-02-15T15:15:42+00:00 February 15th, 2018|Լրահոս|

«Գեղարդավանք վանական համալիրի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանությունը» խորագիրը կրող երկօրյա  խորհրդաժողովը  համախմբել է գիտնականների ինչպես  Հայաստանից,  այնպես էլ  Իտալիայից:  «Թուֆենկյան Ավանդական  Երևան»  hյուրանոցում  մեկնարկած  խորհրդաժողովի  մասնակիցները ներկայացրել են համաշխարհային ժառանգության նշանակության հուշարձանի պատմամշակութային արժեքը, ճարտարապետական առանձնահատկությունները: Նրանք խոսել են  հնարավոր բնակլիմայական ազդեցությունների, հիմնականում անձրևաջրերի և տեխնածին այլ երևույթների հետևանքով առաջացած խոնավությունից  հուշարձանին հասցված վնասի մասին:

Գեղարդավանքի  ժայռափոր  կառույցների խնդիրների  լուծման ծրագիրը  կյանքի են կոչում  ՀՀ  մշակույթի նախարարությունը,  ՀՀ  ԱԳՆ-ն և Հայաստանի  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ազգային  հանձնաժողովը՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության  ծրագրերի  ֆինանսավորմամբ:

ՀՀ  մշակույթի նախարարության լիազորմամբ, ծրագրի  իրկականացումը ստանձնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Ողջունելով  ու  արդյունավետ  քննարկում  մաղթելով  խորհրդաժողովի մասնակիցներին`  ՀՀ  մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը նշել է, որ  ակնկալում  են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ժառանգության ցանկում ընդգրկված  Գեղարդավանք վանական համալիրի ժառյափոր կառույցների ամրակայման, ջրահեռացման  մեթոդաբանության և  առկա  խնդիրների  իրատեսական  լուծման  մեխանիզմներ:

 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների, Ալ. Թամանյանի անվան  Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի,  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ու  շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները  ներկայացրել են վանական համալիրի ամրակայման առանձնահատկությունները, ժառյափոր կառույցների ամրակայման ու ջրահեռացման հիմնախնդիրների լուծման հայեցակարգային մոտեցումները: Իրենց դիտարկումներն ու փորձն են ներկայացրել նաև իտալացի մասնագետները` Դանիելե Սպիցիկինոն (Բնապահպանության և հետազոտությունների բարձրագույն ինստիտուտ, Իտալիա),  Պիետրո Լորիանոն (ԻԿՕՄՕՍ Իտալիայի նախագահ) և Մարիա-Քրիստինա Ջիամբրունոն (Միլանի պոլիտեխնիկական համալսարան, Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոն):

Խորհրդաժողովի մասնակիցները կլինեն  նաև Գեղարդավանքում` տեղում ծանոթանալու  առկա  խնդիրներին: