Ա. ԹԱՐՎԵՐԴՅԱՆ. «ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀԱՊԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆՎԻՐՅԱԼ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ…»

Ա. ԹԱՐՎԵՐԴՅԱՆ. «ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀԱՊԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆՎԻՐՅԱԼ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ…»

2018-03-17T14:01:02+00:00 February 23rd, 2018|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունն, աշխատանքի արդյունավետ  կազմակերպման  նպատակով,  առաջիկայում կառուցվածքային  փոփոխություններ կիրականացնի «Զվարթնոց»  պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական, ինչպես նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղ մյուս արգելոց-թանգարաններում  ու  մարզային ծառայություններում: Գործընթացը մեկնարկել է,  հանդիպումները մարզերում հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ ու հստակ պատկերացում կազմել  իրականացվելիք  փոփոխությունների  մասով:  Հերթական հանդիպումը ՊՄՊ Արմավիրի  մարզային  ծառայությունում էր, որտեղ 146 միավոր հուշարձան (ընդհանուր թվով 204 հուշարձան և ենթահուշարձան) կա:

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը  ընթացիկ  մի շարք  հարցերի  քննարկումներից  հետո, անդրադարձել է ամենաարդիական խնդրին:

ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը նշել է, որ առաջիկայում կմեծանա մարզային ծառայության   աշխատանքային  ծանրաբեռնվածությունը: Նա նաև տեղեկացրել  է, որ կընդլայնվեն  հուշարձանների պահապանների լիազորությունները: Վերջիններս, բացի  իրենց  ամրակցված հուշարձաններից, պատասխանատվություն  կկրեն  նաև «Զվարթնոց» պատմամշակութային ու  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների տարածքներում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանության  համար:

«Շուրջ  350 հոգու է բախտ վիճակվել  պատասխանատվություն կրել մեր մշակութային ժառանգության պահպանության  համար: Դուք պետք է կարողանաք  հետագայում հպարտությամբ ասել, որ պահպանել եք այդ արժեքները: Համախմբված ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ միայն կարող ենք  պահպանել ու սերունդներին փոխանցել  մեր պատմության  քարե  վկայությունները», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

 

Նրա  համոզմամբ  հուշարձանի պահապանը պետք է լինի նվիրյալ  ու  պատասխանատու: Նա պարտավոր է իր ձայնը լսելի դարձնել շարքային քաղաքացուն, տեղական ինքնակառավարման ու մարզային կառույցների պատասխանատուներին:  Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի` աշխատանքի ճիշտ ու գրագետ կազմակերպմամբ է պայմանավորված հուշարձանների տարածքներում  հնարավոր  խնդիրների  բացառումը:

 

Անդրադարձ է կատարվել ՊՈԱԿ-ի և «Դիրքապահ» հասարակական կազմակերպության համարգործակցությանը, որի նպատակը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին  աշխատանքով ապահովելն է: Արա Թարվերդյանի խոսքով խաղաղությունն ավելի տևական է, քան պատերազմը և խաղաղ պայմաններում ավելի լավ է զինվորագրվել  մշակութային  հարստության պահպանությանը:

 

Խորհրդակցության ավարտին ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետին  հանձնարարվել է, աշխատանքի ավելի արդյունավետ կազմակերպման նկատառումով , մշակել  ու  համապատասխան առաջարկներ ներկայացնել  ՊՈԱԿ-ի տնօրենությանը: