ԲԱԲԻԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՆՎԻՐՈՒՄԸ

ԲԱԲԻԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՆՎԻՐՈՒՄԸ

2018-06-04T15:16:01+00:00 04/06/2018|Լրահոս|

Հուշարձանների պահպանության ոլորտը հայկական մշակութային գանձարանի այն կարևոր հասցեն է, որտեղ մուտք գործելու համար բարձրակարգ մասնագետ լինելը կարևոր է, բայց այս գործում հաջողելու համար նվիրում է պետք, թե կուզեք՝ բացարձակ նվիրում։

 

 

«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում նվիրյալներ շատ կան,  մարդիկ, ովքեր մի ամբողջ կյանք նվիրել են սիրած գործին։ Բաբիկյան քույրերին՝ Մարիմին ու Լուսիկին  հենց այդպիսին են ճանաչում գործընկերները։ Մեկն արդեն 30, մյուսը՝ 25 տարի աշխատում են ոլորտում: Սիրած գործը ոչ միայն աշխատանքային ժամերն է լցնում, այլև`կյանքը։

 

1979 թ․ ԵՊՀ  պատմության ֆակուլտետի թանգարանագիտության բաժինն ավարտելուց հետո Մարիամ Բաբիկյանը գործուղվում է Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, մի քանի տարի անց`  տեղափոխվում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, սակայն, այստեղ էլ երկար չի աշխատում։

 

 

1988 թ․ Լավրենտի Բարսեղյանի անմիջական նախաձեռնությամբ կազմավորվում է «Պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների միացյալ դիրեկցիա»-ն։ Նոր ստեղծված կառույցը, որի իրավահաջորդն է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, մասնագետներով  համալրելու խնդիր ուներ: Ոլորտում փորձառություն կուտակած Մարիամ Բաբիկյանը 1988 թ․ աշխատանքի է անցնում նոր ստեղծված կառույցում։

 

Նախ գիտամեթոդական, ապա` աղբյուրագիտության բաժանում։ Այսօր արդեն խոստովանում է, որ որպես պատմաբան այդ աշխատանքն իրեն շատ հետաքրքիր էր՝ սկզբնաղբյուրի հետ առնչվելուց մինչև պատմական տեղեկություններին ծանոթանալու բացառիկ հնարավորություն կար: Բազմաթիվ ուսումնասիրություններ է  կատարել, սակայն Բիթլիս նահանգի հայկական հուշարձանների մասին տեղեկություններ հավաքագրելը առանձնակի հետաքրքրություն էր նրա համար։ Հենց դա էլ հիմնական շարժառիթն է դանում, որ հսկայական աշխատանքի արդյունքում 2015 թ-ին տպագրվի Մարիամ Բաբիկյանի հեղինակած «Բիթլիս նահանգի հայկական հուշարձանները» պատմական տեղեկատուն։

 

Մարիամը աղբյուրագիտության բաժնից հետագայում տեղափոխվում է ֆոնդերի, ներկայում` ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժին։

1989 թ․  հուշարձանների պահպանության ոլորտում է աշխատում նաև Մարիամի քույրը՝ Լուսիկ Բաբիկյանը։ Հենց ակզբից աշխատանքի է անցնում ֆոնդերի բաժնում։ Սկզբում նրան վստահվում է չափագրությունների, այսօր արդեն՝ պլանշետների ֆոնդը։ Այստեղ պահվում են ճարտարապետական հուշարձանների  տարբեր հեղինակների կատարած էսքիզային նախագծերի բնօրինակները։

 

«Անձնական պատճառներով ընդհատումներով եմ աշխատել, ընդհանուր առմամբ արդեն 25 տարի է այստեղ եմ։ Ամեն անգամ սիրով եմ վերադարձել այս աշխատանքին։  Գուցե շատերի համար սա աննկատ կամ անկարևոր թվա, բայց այն, որ իմ աշխատանքից է կախված տարբեր հեղինակների հսկայական էսքիզային նախագծերի բնօրինակների պահպանումն ու վաղվա ուսումնասիրողներին անվնաս փոխանցումը, ինձ ստիպում է հազարապատկել պատասխանատվությունս»,-անկեղծանում է քչախոս Լուսիկ Բաբիկյանը։

 

Ավագ քույրը ցածրաձայն ավելացնում է, թե պետք է տեսնել՝ ինչ  ափսոսանք ու ցավ է զգում Լուսիկը, երբ հանկարծ սպասարկելիս որևէ  ֆոնդային առարկայի անփույթ են վերաբերվում։

Մարիամ Բաբիկյանն այսօր արդեն աշխատում է ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնի անձնական ֆոնդում, որտեղ պահվոմ են Թ․ Թորամանյանի, Վ․ Հարությունյանի, Է․ Խազադյանի, Ն․ Տոկարսկու, Ա․ Յոկոբսոնի և մյուսների գծագրերը, սևանկարներն ու լուսանկարները, նամակներն ու այլ կարևոր փաստաթղթեր։  Առաջին անձնական ֆոնդը, որ վստահվել է Մարիամ Բաբիկյանին, Մեծամորի հնագիտական արշավախմբի ղեկավար Էմմա Խանզադյանին է եղել:

«Դրանք պետք էր դասակարգել այնպես, որ հետագայում որևէ մասնագետ այդ ֆոնդից օգտվելիս կարողանար ոչ միայն հեշտ գտնել այն, ինչ փնտրում է, այլ հետաքրքրությամբ ուսումնասիրեր անվանի հնագետի ֆոնը։  Ինձ համար չափազանց հետաքրքիր է առնչություն ունենալ անվանի մարդկանց անձնական ֆոնդերի, այն առարկաների հետ, որոնց ոչ բոլորը կարող են ծանոթանալ, էլ չեմ ասում ձեռքդ վերցնել, շոշափել, ուսումնասիրել», -ասում է Մարիամ Բաբիկյանը։

 

Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում աշխատելու տարիներին Մարիամը իր համար սովորական, բայց իրականում ուշադրության արժանի մի արտասովոր ու յուրօրինակ գործ է կատարել, որ արժե հիշատակել։ Երբ 1980 թ․ տպագրության էր պատրաստվում հայկական գորգերի մասին պատմող կատալոգ ու թանգարանը ֆոտոխցիկ չուներ, Մարիմամը ժամերով աշխատել է ֆոնդերում, ձեռքով նկարել գորգերը՝ փորձելով փոխանցել ճշգրիտ ձևը, նախշը, գույնը։ Հետո արդեն  աշխատասենյակում մաքրագրել սիրողական գունանկարները։

Այսպիսին են նրանք՝ միամյանցից անբաժան Բաբիկյան քույրերը, որոնց համար  ֆոնդային առարկաների հաշվառումն ու նկարագրությունն անգամ այնքան հետաքրքիր է, որ այլ աշխատանքում իրենց չեն էլ պատկերացնում։ Հատկապես, որ միշտ իրենց գնահատված են զգացել։ Մշակութային ժառանգության ոլորտում կատարած բարխիղճ աշխատանքի համար նրանք մի քանի անգամ պարգևատրվել են շնորհակալագրերով, պատվոգրերով։

 

 

Հեղ. Ն. Եփրեմյան